Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին
Թերևս ոչ ավելորդ անգամ հարկ է նշել, որ Հայաստանի երրորդ հանրապետության ամենակայացած, ամենավստահելի ու ամենափառապանծ ինստիտուտը Հայոց բանակն է` իր մեջ եղած, եղող ու ցավոք` լինելիք խոտելի երևույթներով հանդերձ: Աշխարհի բոլոր բանակներում էլ, այս կամ այն չափով, եղել են ու կան խստորեն մերժելի դրսևորումներ հենց միայն այն պատճառով, որ նախ` բանակները գերազանցապես միասեռ կառույցներ են, և զսպող մեխանիզմները բոլորովին այլ տրամաբանությամբ են գործում, երկրորդ` այն ուղղաձիգ կառավարվող օրգանիզմ է` վերադասության սկզբունքով, երրորդ` այն լրջագույն տեղեկատվություն ստեղծող, կրող և պահպանող ինստիտուտ է, որի, այսպես կոչված` «հասարակայնացումը» կամ «թափանցիկությունը», մեղմ ասած, խրախուսելի չէ:
Այսուհանդերձ, բնավ չի նշանակում, որ այս հանգամանքից պիտի օգտվեն համակարգի վերադաս-պատասխանատուները և հանցավոր անգործությամբ «խրախուսեն» ամենաթողությունը: Ուրեմն, հարկ է` ծայրահեղությունների մեջ չընկնել: Հայտնի է, որ, ֆորմալ իմաստով, բանակում միջանձնային հարաբերությունները կառուցվում են ներքին կանոնակարգով (ուստավ):
Սակայն դրա հարյուր տոկոս կիրառումն անհնար է մի բանակում, ուր ամեն երրորդ զինծառայողից երկուսը կա՛մ ծանոթներ են քաղաքացիական կյանքից, կա՛մ ունեն ընդհանուր ծանոթներ: Սրանով պայմանավորված՝ միմյանց նկատմամբ ստեղծվում է նախատրամադրվածություն` լավ կամ վատ առումով` ելնելով քաղաքացիական կյանքում ունեցած և այնտեղից բերած գաղափարաբանությունից, համակեցության յուրովսան պատկերացումից և, առհասարակ, աշխարհայացքից, որի դեմ անզոր է ներքին կանոնակարգը:
Ուրեմն, բանակային բարքերը ուղիղ համեմատական են քաղաքացիական կյանքում տիրող հասարակական բարքերին: Իհարկե, բանակում ռիսկը բազմապատիկ է, որովհետև զինվորը կրում է մարտական զենք, որոշումներ է կայացնում պահի ազդեցության տակ և միանձյա` հիմնականում աֆեկտի տակ: Ահա՝ որտե՛ղ է թաղված շան գլուխը:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց յուրաքանչյուր սպանության, բռնության, հալածանքի ու կտտանքի համար առնվազն բարոյական պատասխանատվություն են կրում քրեորեն պատժելի արարք գործած զինվորի կամ սպայի ծնողներն ու ուսուցիչները: Հետո հավաքական պատասխանատվություն է կրում ինքը` հասարակությունը: Վերջապես, այո՛, բանակը հասարակության հայելին է: Իսկ քրեական պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն կոնկրետ հանցանք գործածները, այլև` վերադասության կարգով առնվազն երեք անմիջական ղեկավարները` ջոկի, դասակի և վաշտի հրամանատարները, որոնք ամենատարբեր պատճառներով ցուցաբերել են հանցավոր անգործություն, ինչն էլ հանգեցրել է ծանր կամ առանձնապես ծանր հետևանքի:
Իսկապես, մեծ, անչափելի խորը ողբերգություն է, երբ խաղաղ պայմաններում զինվոր է սպանվում՝ այն էլ կենցաղային բնույթի վեճի և այն քրեական ենթամշակույթին հատուկ կերպով լուծելու հետևանքով: Հաստատապես հասարակությունն ինքը պետք է անցնի ինքնամաքրման, ինքնահայեցման ճանապարհով` իր միջից դուրս մղելով «լավ տղու» քրեածին ընկալումներն ու նսեմ արժեհամակարգը:
Երբ ասում ենք հասարակություն, բոլորովին մի լղոզ ու անդեմ զանգված չենք պատկերացնում, այլ նկատի ենք ունենում Պետություն-Դպրոց-Բուհ-ԶԼՄ և շահագրգիռ այլ կառույցներ ու ինստիտուտներ, որոնք կերտում են հասարակություն` անհատից սկսած: Անգամ անհատի մակարդակով` ինձնից սկսած, պատասխանատվություն ենք կրում մեր ԱԶԳԱՅԻՆ բանակի բարոյահոգեբանական որակի և բովանդակության համար: Եվ հենց ինձնից էլ սկսած` ամեն օր թերանում ենք մեր օրավուր պատասխանատվության հարցում, և հանկարծ սթափվում, հիշում այն ժամանակ, երբ զինվորի սպանվելու հերթական գույժն ենք առնում:
Այո՛, բանակը հիերարխիկ կառույց է, և բարձ հրամանատարությունը պետք է չափազանց, ծայրահեղ խիստ վերաբերմունք ունենա ցանկացած զանցանքի նկատմամբ, որը չդառնա ճակատագրեր խեղող հանցանք: Հայոց Ազգային բանակը մեր ազգային անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, և նրա բարոյալքումը ուղիղ նշանակում է պետականության կորուստ: Այնուամենայնիվ, ստոր և պառակտիչ են բոլոր նրանք, որոնք լոկալ դեպքերով պայմանավորված` ընդհանրացումներ են անում և ստորացնում մեր փառահեղ բանակի արժեքն ու նշանակությունը:
Գոռ Հարությունյան
Բանաստեղծ, մանկավարժ
Հ.Գ. Օլիգարխիայի մուտքը պետք է իսպառ բացառվի բանակում: Այն նաև սոցիալական կառույց է, ուր պետք չէ լինեն արտոնյալներ, իմա՛` «ասողներ» և «անողներ»՝ բացառությամբ, ծառայության բնույթից ելնելով, վերադասի հրամանների և դրանք կատարողների: «Էլիտար» զինվորը պատիժ է ու խարան բանակի պայծառ ճակատին:
Հավիտյան կեցցե՛ մեր Հայոց ԱԶԳԱՅԻՆ բանակը:
Փառքը ԶԻՆՎՈՐԻՆՆ է, պատիվը` ՈՒՍՈՒՑՉԻՆԸ:
Խմբ. Նյութը նախապես հրապարակվել է որպես հեղինակի ֆեյսբուքյան գրառում՝ «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ N 21» խորագրով: