«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Մեր ազգային դժբախտությունը

Վաչագան Սարգսյանը ներկայացնում է իր դասագրքերը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…
Ժողովրդական առած

2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ, ի թիվս այլ բանախոսների, ելույթ ունեցավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Վերջինս իր ելույթում նշեց, թե երազում է ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ կինն ու տղամարդը կունենան իրենց երազանքներին հասնելու հավասար հնարավորություններ, և եթե ցանկանում են, որ իրենց երազանքն ի կատար ածվի, հարկավոր է խորքային գնահատականներ տալ իրավիճակին։

Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանից մի էջ
Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանից մի էջ

«Ես ցանկանում եմ խոսել ուսուցիչների մասին։ Իրականում մենք ունենք շատ լուրջ խնդիր ուսուցիչների կարծրատիպային մոտեցումների հետ կապված: Օրինակ՝ 2013 թվականի հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղաներին ասում է՝ մի՛ լացեք, տղամարդ եք։ Այստեղ մենք գործ ունենք մի ուսուցչական կազմի հետ, որը կարծրատիպային մոտեցում ունի, որն էլ իր հերթին՝ խոչընդոտ է հանդիսանում իրապես հավասար հասարակություն կրթելու հարցում»,- ասաց պատգամավորը։

Վաչագան Սարգսյան, «Այբբենարան», Երևան, 2015, 155 էջ:
Վաչագան Սարգսյան, «Այբբենարան», Երևան, 2015, 155 էջ:

Սոնա Ղազարյանն անդրադարձավ նաև առկա դասագրքերին՝ խոստովանելով. «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։

Հատկապես իր այս վերջին արտահայտությունը բողոքի մի հսկա ալիք է բարձրացրել հայ հասարակության մեջ: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, այդ թվում՝ գիտաշխատողներ, մտավորականներ, գրողներ, մանկավարժներ, աշակերտների ծնողներ, հրապարակային հանդիմանանքի ու ամոթանքի են արժանացրել պատգամավոր Սոնա Ղազարյանին՝ նրա մեծամիտ, անկիրթ և քամահրական մոտեցման համար:

«Կոչնակ»-ն այս առիթով կատարել է լրագրողական հետաքննություն՝ ամփոփելով խնդրին առնչվող ուշագրավ մեկնաբանությունները: Դրանք միաբերան վկայում են այն մասին, թե ինչպե՛ս երկրի քաղաքական թիվ մեկ հարթակում պատահաբար հայտնվել են որոշ պատգամավորներ, որոնք առանձնապես չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով, չունեն բավարար փորձառություն և հարուստ կենսագրություն, չեն տիրապետում ոլորտի խորքային խնդիրներին: Փոխարենը ամբարտավան կեցվածքով և դատարկամիտ պաթոսով նրանք անում են էժանագին ամպագոռգոռ հայտարարություններ, որոնցից միայն տուժում է հայ հասարակությունը:

Բավական է դիտել «իմքայլական» պատգամավորի ելույթը՝ համոզվելու համար, որ լեզվական սխալներով խոսողն իրավունք չունի այդ ամբիոնից կրթության բարեփոխումների շուրջ ելույթ ունենալու: Ներկայիս շատ «թավշյա» պաշտոնյաներ հիմնովին սխալ են ընկալում «բարեփոխում» կամ «բարենորոգում» բառերի իմաստները՝ թյուրիմացաբար կարծելով, որ այն կայանում է եղած բովանդակ հինը հիմնահատակ քանդելու, արժեզրկելու և ոչնչացնելու մեջ՝ փոխարենը հրամցնելով կասկածելի ու չհիմնավորված նոր մոտեցումներ, ավանդական մտածողությանը խորթ օտարածին գաղափարներ և արևմտյան ազատ բարքեր քարոզող բարոյազուրկ կենսակերպ… Ահա հենց սա՛ է մեր ազգային դժբախտությունը։

Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանից մի էջ
Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանից մի էջ

Ափսոս, որ ընդդիմախոս պատգամավորն այբբենարանի միայն նկարներն է դիտել, որոնք իրեն դուր չեն եկել: Գոնե մի փոքր էլ կարդա՞ր այդ գիրքը, որից հետո աներ իր վերջնական եզրահանգումը: Քննադատելու համար հարկավոր է մասնագիտական հանձնաժողովի փաստարկված եզրակացությունը։ Այդ դեպքում միայն քննադատությունը կլիներ տեղին և օգտակար։

Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքից մի էջ
Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքից մի էջ

Երիտասարդ պատգամավորը համարում է, որ Վաչագան Սարգսյանի հիշյալ գրքի տեղն աղբամանում է այն պատճառով, որ այբբենարանում ցուցադրվում են նկարներ, որտեղ մայրիկը գոգնոցով է, իսկ հայրիկը մեքենա է նորոգում: Պատգամավորը սա համարում է գենդերային խտրականություն, որին հակադարձում է հեռուստահաղորդավար Աիդա Ներսիսյանը՝ նկատելով, որ հայ կինը նախ և առաջ մայր է, տնային տնտեսուհի: Արժեր պատգամավոր տիկնոջը հիշեցնել նաև երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյան կաթողիկոսի հետևյալ միտքը. «Հայ ընտանիքը մի յուրօրինակ տաճար է, որի «քահանան» կինն է»: Եվ ինչպես քահանան սպասավորն է եկեղեցու, այնպես էլ կինը՝ ընտանիքի: Այստեղ ոչ մի ստորացուցիչ բան չկա:

«Կինը պետք է համեստ լինի» կամ «տղամարդը չպիտի լացի» արտահայտություններն ինչպե՞ս են հակադրվում կնոջ և տղամարդու իրավահավասարության սկզբունքներին: Ի վերջո, դասագրքի մասին մասնագիտական կարծիք կարող է հայտնել առաջին հերթին մանկավարժական կրթությամբ անկախ փորձագետը, իսկ գրաքննադատությամբ հարկ է զբաղվեն գիտական և բուհական համապատասխան խորհուրդները:

Գաղտնիք չէ, որ դասագիրք ստեղծելն աշխատատար և խրթին գործ է: Դասագիրք գրելու համար հարկավոր են փորձ, գիտելիքներ և հմտություններ։ Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքերը բնույթով բազմաբովանդակ են, որոնք համեմված են սրամիտ գլուխկոտրուկներով, զարգացնող խաղերով, հանելուկ-շուտասելուկներով, հետաքրքիր խաչբառերով և այլ ուսուցանող հնարքներով:

Վաչագան Սարգսյան, «Մայրենի 1», Երևան, 2015, 63 էջ:
Վաչագան Սարգսյան, «Մայրենի 1», Երևան, 2015, 63 էջ:

Վաչագան Սարգսյանի գրական արգասիքներով, տասնյակ դասագրքերով, շաբաթաթերթերով ու հոդվածներով կրթվել են սերունդներ: Ուստի բոլորովին անհեթեթ է գենդերային հավասարության կեղծ քարոզչությամբ փորձ անել անվանարկել նման հայ մտավորականի: Հուսանք, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում ավելի քիչ կլինեն այնտեղ պատահականորեն հայտնված պատգամավորները:

Ընդհանրապես, ներկա իշխանավորներից շատերի մոտ ակնհայտ միտում կա պախարակելու, ծաղրելու և աղավաղելու հայի ազգային դիմագիծը, աշխարհայացքը, արժեհամակարգը, նիստուկացը… Պարզապես անթույլատրելի է, երբ ամեն անգամ ականջալուր ենք լինում, թե ինչպիսի՛ գռեհիկ հայերենով և փողոցային բառապաշարով են եթեր դուրս գալիս ամենատարբեր պաշտոնյաները, քաղաքական-հասարակական գործիչները, որոշ դեպքերում՝ նաև գրչակ լրագրողները, որոնք ոչ միայն չեն տիրապետում բարեկրթության կանոններին, այլև կոպտորեն խախտում են լեզվի մասին ՀՀ օրենքը:

Ինքնասիրահարված, բայց այդպես էլ չկայացած մերօրյա նորաթուխ շատ գործիչներ, որոնք բռնված են անսխալականության և ամենագետի բարդույթներով, սեփական մերկությունը և հոգևոր արժեքների սնանկությունը քողարկելու նպատակով հաճախ ինքնապաշտպանվում են՝ վկայակոչելով հայ ժողովրդի անունը կամ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը, որի հետևանքով ոմանք «քաջնազարի» բախտով օդից հայտնվել են գայթակղիչ պաշտոններում։

Վաչագան Սարգսյան, «Երգող այբուբեն», Երևան, 2012, 56 էջ:
Վաչագան Սարգսյան, «Երգող այբուբեն», Երևան, 2012, 56 էջ:

Իրականում, այդկերպ նրանք վարկաբեկում են հեղափոխության գաղափարներն ու նրա առաջնորդին: Թավշյա հեղափոխությունը, ըստ էության, ոչ մի կապ չի կարող ունենալ արևմտամետ ապազգային գաղափարների՝ լիբերալ մոդեռնիստական, ծայրահեղ ֆեմինիստական, գենդերային հավասարության, կրոնական ու սեռական փոքրամասնությունների համահարթեցման, համաշխարհայնացման և մասոնականության վտանգավոր ուղղությունների հետ։ Մեր ժողովուրդը նաև այսպիսիների՛ց պետք է պաշտպանվի՝ պահպանելու հայ քրիստոնյայի տեսակը և նրա հոգևոր, բարոյական ու իմացական ողջ ներուժը:

Ցավալի է, որ մի շարք «հեղափոխականների» համար հայ ազգի հարատևման միջուկ հանդիսացող հայկական ավանդական ամուր ընտանիքը աչքի փուշ է դարձել: Ստացվում է, որ եթե այբբենարանում տեղ չեն գտել համարակալված «ծնողների» կամ սեռափոխված Մել-Լիլիթների մասին պատկերներ, ապա այսօրվա Ազգային ժողովի «քայլ արած» և արևմտյան հիմնադրամներից առատորեն սնվող պատգամավորները այն չեն կարող համարել որակյալ դասագիրք:

Տասնյակ ուսուցիչներ նույպես իրենց վրդովմունքն են հայտնել կատարվածի կապակցությամբ: Մասնավորապես, Նարինե Բալասբեկյանը գրում է. «Տգետ ու գռեհիկ է այն մարդը, ով կարող է մեր երեխաների ներկայի և ապագայի համար նաև իր կյանքը, ժամանակն ու միջոցները տրամադրող կրթության անտրտունջ, փորձառու և տաղանդավոր մշակին այսպիսի տողեր հղել: Ես ուսուցչուհի եմ՝ տարիների մեծ փորձով: Իմ զավակները և հիմա արդեն թոռներն են տառաճանաչ դարձել հենց ա՛յդ այբբենարանով: Տիկինն ինքնահաստատվելու և ուշադրության խնդիր ունի: Կարծես թե մոր ջերմ ու բնական կերպարի փոխարեն նա նախընտրում է «տատու» արած ունքերով ու սիլիկոնե շուրթերով տիկնիկների նկարներ տեսնել գրքում, կամ էլ մոր ու հոր փոխարեն՝ երկու մոր, կամ երկու հոր…»:

Պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցազրույցը՝ ի պաշտպանություն Ստամբուլյան կոնվենցիայի

Պատահական չէ, որ Սոնա Ղազարյանը Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներից է։ Պարզվում է՝ նրա ամուսինը՝ Դավիթ Բանուչյանն էլ աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, որը վերջերս մեկ միլիոն դոլար տրամադրեց ԼԳԲՏ իրավունքների աշխուժակ Մարո Մաթոսյանին՝ գենդերային թեմաներով քարոզչության համար։ Դժվար չէ նաև բացահայտել նրանց բոլորի կապը ծագումով հրեա, ամերիկաբնակ մուլտիմիլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության» հիմնադրամի հետ:

Սորոսի հայաստանյան հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի և պատգամավոր Սոնա Ղազարյանի քննարկումը ԱԺ-ում
Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանի և պատգամավոր Սոնա Ղազարյանի քննարկումը ԱԺ-ում

Այդ տիկինն իր անզգույշ արտահայտությամբ, չասելու համար՝ զազրախոսությամբ պարզապես նպաստեց, որ հազարավոր մարդիկ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնեն վաստակաշատ լեզվաբանին, հարգարժան մանկավարժին։ Իսկ գուցե սովորական դարձած ձևական ներողությո՞ւնն էլ արդեն չփրկի պատգամավոր Սոնա Ղազարյանին:

Ստորև ներկայացնում ենք գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության անդամ Վաչագան Սարգսյանի հրապարակային պատասխանը իր ընդդիմախոս պատգամավորին և վերջինիս խղճուկ արձագանքն այդ առթիվ:


ՉԵՄ ՆԵՐՈՒՄ

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Սոնա Ղազարյա՛ն, Ազգային ժողովի պատգամավո՛ր, Ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ: Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը (հայրը և մայրը) միասին են:

Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով (էջ 26): Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը (էջ 29): Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը (էջ51): Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն (էջ74): Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են (էջ 81):

Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, «որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»: Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»: Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:

Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը: Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:

Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:

Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:

Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ:

Վաչագան Սարգսյան


Հարգելի պարոն Սարգսյան,

Տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…

Տարիներ շարունակ ամեն շաբաթ «Իններորդ հրաշալիք»-ին եմ սպասել և այն սիրով վերընթերցել… Ձեր «Հայերենը ափի մեջ շարքի» շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…

Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել… Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:

Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:

Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին:

Հարգանքով՝
Սոնա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթը ԱԺ-ում

1 մեկնաբանութիւն

  1. Դպրոցի ու կրթության մասին պետք է խոսել առնվազն լրջորեն, նմանապես առնվազն անընդունելի է հայ մանուկի առաջին դասագրքի մասին այդպես խոսելը։ Աչքիս Դուք էլ եք այդ Այբբենարանով տառերը սովորել, եթե իհարկե ռուսական կրթություն չունեք։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Քրիստոսի միաւորութեան մասին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…Յովհ. Ա 14

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Յարակից նիւթեր