«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…
Առակ. ԺԵ. 29
Աղօթքը կաւակերտ ադամորդու սրտի խորքերից բխող խօսքն է՝ ուղղուած ամենակալ Աստծուն: Աղօթքը հոգու անձկալի տեսակցութիւնն է Բարձրեալի հետ: Աղօթքը Արարչի եւ արարածի միջեւ յարատեւող հոգեւոր անխզելի միութիւնն է: Աղօթքը ճշմարիտ հաւատացեալի ներհայեցողական կեանքի գրաւականն է: Աղօթքը հոգու կենսատու շունչն է, նրա անփոխարինելի սնունդը, անսպառելի ջերմութիւնը: Աղօթքը մտքի երկնասլաց թռիչքն է, սրտի յարազուարթ բերկրանքը, շնորհների վճիտ աղբիւրը:
Ըստ իր արտայայտչաձեւի՝ աղօթքը լինում է առանձնական եւ ընդհանրական: Քրիստոնեան իր առանձնական հոգեբուխ աղօթքը կարող է կատարել ամէն ժամ եւ ամէնուր՝ տանը թէ դրսում, հանգստանալիս թէ աշխատելիս, քնելիս թէ արթնանալիս… Յոյժ կարեւոր է օրը դիմաւորել եւ աւարտել անկեղծ աղօթքով: Քրիստոսի Սբ. Եկեղեցու հոգեկիր Հայրերը կանոնակարգել են հոգեզմայլ աղօթքների մի շարք տեսակներ, որոնց կիրարկումը բոլոր ժամանակներում իրենց անջնջելի հետքն են թողնում ջերմեռանդ հաւատացեալի գիտակցական կեանքի վրայ:
Ընդսմին, աղօթքները լինում են դաւանական, ապաշխարական, փառաբանական, բարեխօսական եւ այլն: Պէտք չէ թերարժեւորել աղօթքի յիշեալ տեսակներից եւ ոչ մէկը, քանզի բոլորն էլ անհրաժեշտ են եւ օգտակար: Ընդհանրացած սովորութիւն է աղօթքի ժամանակ խաչակնքուել, երկրպագել, ձեռքերը վեր բարձրացնել կամ իրար միացնել: Որպէս կանոն՝ աղօթքի վերջում ասւում է «ամէն», ինչը եբրայերէնից թարգմանաբար նշանակում է՝ «ճշմարիտ է, թող լինի»: Իսկ ընդհանրական աղօթասացութեան կարգը (ժամերգութիւններ), ինչպէս նաեւ Սբ. Պատարագի խորհուրդը, կատարւում են վանքերում եւ եկեղեցիներում՝ ըստ իրենց պատշաճ օրերի եւ ժամերի:
Սխալուած չենք լինի, եթէ նշենք, որ որեւէ կերպ չի արդարացւում եւ չի խրախուսւում պաշտամունքային կիրառութիւն չունեցող այլ ժողովարաններում, սրահներում եւ դահլիճներում հաւաքուելն ու ընդհանրական աղօթքի ժամեր անցկացնելը, քանզի քրիստոնէական եկեղեցին ի սկզբանէ առանձնացուել է որպէս պաշտամունքային իւրայատուկ ժողովատեղի, նուիրագործուել օրհնութեան կարգով, օծուել սրբալոյս իւղով և տրամադրուել հաւատացեալների հոգեւոր կարիքների համար՝ կոչուելով «տուն աղօթից հաւատացելոց» (հմմտ. Մատթ. ԻԱ. 13, Մարկ. ԺԱ. 17, Ղուկ. ԺԹ. 46): Ուստի առաւելաբար այստե՛ղ է վայելում կատարել ընդհանրական աղօթքի պաշտամունքը, թէեւ քրիստոնէութեան մուտքի եւ հալածանքների սկզբնական ժամանակահատուածում հաւատացեալները հաւաքւում էին իրար տները, երբեմն էլ՝ ստորերկրեայ դամբարանների միջանցքները (կատակոմբներ)՝ գաղտնաբար աղօթելու և Տիրոջը միասնաբար պաշտելու համար:
Նախքան աղօթքն սկսելը բարեպաշտ հաւատացեալից պահանջւում է ամենայն լրջութեամբ պատրաստուել, որպէսզի այն լինի անխափան եւ պտղառատ: Ցրելով մեզ շրջապատող մեղսածին ախտերի թանձր մառախուղը՝ փութալով ջանա՛նք առաւել ուշադիր լինել, որպէսզի չլինի թէ մեր մտքի խորհուրդները դեգերեն այս ու այն կողմ, քանի որ Աստուած քննում է մեզանից իւրաքանչիւրի սրտերն ու մտքերը: Հետեւապէս, հարկ է աղօթել հոգու ողջ զօրութեամբ, սրտի ողջ բարեյօժարութեամբ եւ մտքի ողջ պայծառութեամբ, որովհետեւ եթէ տակաւին սէր ունենք այս սին աշխարհի խաբէական պատրանքների հանդէպ, հանապազ կ’օտարուենք աղօթքի փափագելի շնորհից:
Ուստի աղօթքին մերձենանք միայն հաւատով, միայն երկիւղով, միայն զղջմամբ, միայն արտասուքով…. Չմեծամտանա՛նք՝ ասելով, թէ սուրբ աղօթքով արդէն մօտեցել ենք երկնային անմատչելի բարձրութեանը, քանզի չար սատանան առանց յապաղելու ամէն ճիգ գործադում է՝ աղօթականին գցելու հպարտութեան իր անտեսանելի թակարդը: Այլ թոյլ տանք, որ «Սուրբ Հոգին օգնութեան հասնի մեր տկարութիւններին, որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէ՛ս արժան է աղօթել» (հմմտ. Հռոմ. Ը. 26):
Վերջում ասուածին յաւելենք, որ աղօթքի յարատեւութիւնը երբէք չի կարելի շփոթել անիմաստ դատարկաբանութեան հետ, ըստ այն խօսքի, թէ՝ «Մի՛ եղէք շատախօս հեթանոսների պէս» (Մատթ. Զ. 7): Եւ ինչպէս գեղեցիկ կերպով բացատրում է միջնադարեան մատենագիրներից Իգնատիոս վարդապետը (ԺԲ. դար), «որպէսզի չկարծեն, թէ երկար աղօթելն անշնորհ բան է, նոյնիսկ Քրիստոս, որ աղօթքի կարիք չունէր, ողջ գիշեր աղօթում էր Աստծուն, որպէսզի սովորենք, թէ շատախօսութիւն է ոչ թէ բազում աղերսները, այլ դատարկ եւ անհաճոյ բարբառելը»: Արդ, արթո՛ւն մնանք եւ ամէն ժամ աղօ՛թք անենք, որպէսզի փորձութեան մէջ չընկնենք (հմմտ. Ղուկ. ԻԱ. 36). ամէն: