…Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։
[Կոմիտասն իր հուշերում գրում է.
«Երբ վերադարձայ Սուրբ Էջմիածնի վանք` տպաւորութիւնս խղճալի էր։ Գլուխն` անգլուխ։ Ոտքերը` բազմոտանի։ Խելքը` ցամաքած։ Գործը` մեռած։ Կիրքը` զարթուն… Մի բերան չասացին նոյնիսկ` թէ ինչո՞ւ չես մնալու, ինչո՞ւ չես մնում, ինչո՞ւ ես հեռացել վանքից… Արդէն ոսկի էլ թափէին` չէի մնալու, բայց եւ այնպէս մարդ կարող էր զգալ թէ մի օր այնտեղ գործ է կատարել եւ կեանք է մաշել` ջանք թափելով անձնուիրաբար։ Վանքի երգեցողութիւնը դարձել է գիւղականից էլ ստոր… Ժխոր, աղաղակ. խառնաձայն ճիչեր… ահա՛ քեզ երգեցողութիւն… 1909 թուականն էր, Սեպտեմբերի 5-ը… Ես ստիպուած էի մի նամակ գրել Վեհափառ Հայրապետ Մատթէոս Երկրորդ կաթողիկոսին…»:]
1909 թ. սեպտեմբերի 5-ին Կոմիտասը դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ին.
«Վեհափառ Տէր,
Քսան տարի է՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չէ տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետեւ տեսայ միայն որոգայթ եւ ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարուում եմ. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղուելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, եւ միայն վարանմունքն է բոյն դնում հոգուս ու սրտիս խորքում:
Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ Սուրբ Եկեղեցւոյ եւ Գիտութեան:
Վեհափառութեանդ ծառայ եւ որդի
Կոմիտաս վարդապետ
Միաբան Ս. Էջմիածնի»։
Կոմիտասի նամակը մնաց անպատասխան։ 1910 թ. աշնանը Կոմիտասը թողեց Էջմիածինը և մեկնեց Պոլիս։ 1911 թ. Կոմիտասը դարձավ Պոլսի Ղալաթիո ավանի Կեդրոնական վարժարանի հայկական երաժշտության դասախոսը։ Կարճ ժամանակում կազմեց 300 հոգանոց երկսեռ երգչախումբ և կոչեց «Գուսան»։ Նոյեմբերի 21-ին նշանակված էր անդրանիկ համերգը, որը կայանալու էր Փըթի-Շանի դահլիճում։ Տոմսերը սպառված էին նախապես։ Համերգասրահը հազիվ էր տեղավորել մեծաքանակ ցանկացողների չնչին մասը։ Հանդիսատեսն անհամբեր էր դառնում։ Նշանակված ժամից անցել էր 15 րոպե. վարագույրը չէր շարժվում։ Դահլիճով շշուկ է անցնում` համերգն արգելում են։ Թուրք կառավարությո՞ւնը։ Ո՛չ։ Հայ եկեղեցին։ Մի հոգևորական է ներս մտնում և Կոմիտասին պարզում փակ ծրար` պահանջելով բացել և կարդալ։ Քառածալ, կնքված թղթի վրա գրված էր.
«Կը ցաւինք ի տեղեկութիւն հաղորդել Ձեր գերազանցութեան, որ հայոց եկեղեցւոյ սրբազան օրինաց եւ կարգաց բացարձակ հակառակ է եկեղեցւոյ Ս. Պատարագի երգեցողութիւնը աշխարհիկ թատերաբեմի վրայէն։ Հետեւաբար կ’արգիլենք Ձեր յայտագրին առաջին մասը ի գործ դնել` ի բուժումն գայթակղեալ մտաց, եւ կ’արտօնենք երկրորդ մասը` ի գոհացումն Ձեր անզուգական տաղանդաւոր երգեցողութեանց հետաքրքիրներուն։
Մնամ Ձեր անձնուէր՝
Ղեւոնդ Արքեպիսկոպոս Դուրեան
Պատրիարքական փոխանորդ»։
«Փարիսեցինե՜ր»,- պոռթկաց Կոմիտասը այնպիսի ձայնով, որ ապշեցրեց իր աշակերտներին, որոնք ամիսներ ի վեր ճանաչում էին նրան, և չէին տեսել վարդապետին այդպիսի վիճակում: «Ուզում էիք տապալե՞լ իմ գործը… Եթէ միայն արգելելն էր ձեր նպատակը, ինչո՞ւ նախապէս չէիք արգելում։ Մի ամսից աւել է՝ ազդագրերը փակցուած են։ Ես պատրիարք-մատրիարք չեմ ճանաչում։ Գնա՛, ըսէ՛, որ կաթողիկոսի հրամանը ունեմ գրպանս»։ Նա, անշուշտ, ակնարկում էր այն հրամանը, որն, իրոք, էջմիածնական իր տարիներին ստացել էր Խրիմյան Հայրիկից։
Համերգը տեղի ունեցավ նախատեսված ծրագրով։ Կղերականները համերգը համարեցին մեղք և սրբապղծություն, իսկ Կոմիտասը ուխտադրուժ հայտարարվեց։ «Չես կարող երեւակայել, թէ ինչե՜ր քաշեցի, ի՜նչ օյիններ սարքեցին տխմար տիրացուները,- գրում է Մարգարիտ Բաբայանին,- բայց ես յաղթեցի, հայ երաժշտութիւնը հնչեց նորից»։
1914 թ. հունիսին Կոմիտասը մեկնում է Փարիզ` մասնակցելու Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսին։ Հետաքրքրությունը զեկուցումների և հայ երաժշտության հանդեպ այնքան մեծ է լինում, որ կայանում են երրորդ, չորրորդ չնախատեսված զեկուցումները։ Փարիզում ունեցած հաջողությունների լուրերի հետ Պոլիս էին հասել Կոմիտասի և Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ հոգևոր և աշխարհիկ երգերի սկավառակները։ Այդ երգերի ձայնագրմանը Կոմիտասը նվագակցել էր անձամբ` դաշնամուրով և ֆիլհարմոնով։ Հոգևորականները դա ևս համարեցին մեղք և սրբապղծություն։ Կրոնական ժողովը դիմեց ոստիկանությանը, որ արգելվեն գրամոֆոնի պլաստիկաների վաճառքը. գնեցին սկավառակները և ջարդեցին։ Հետագա սերունդները և մենք զրկված ենք Կոմիտասի կատարմամբ ձայնասկավառակներից։ Կոմիտասից մեզ հասած մի քանի հազվագյուտ ձայնագրումները իրեղեն վկաներն են զրկանքի մեծության։
Կոմիտասը դեռ 1909 թ. զգում էր մոտալուտ ճայթյունը. Արշակ Չոպանյանին գրած նամակում, դառնալով դաշնակներին, ասում է. «Էլ բա՛ւ է, որքան քանդեցին մեր ներքին ու արտաքին կեանքը անմիտ հպարտութեամբ եւ փուչ ուժով»։ 1912 թ. դեկտեմբերի 18-ին գրում է. «Բաւական է հաւատալ Եւրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին։ ժամանակն է մշակել սեփական գործնական ճամփէն»։ 1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Բուրսա (Թուրքիա), 1910 թ.
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Կոմիտասի ֆոնդ № 1439
«Հօտն անհովիւ, մոլոր ու շփոթ… Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած։ …Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում՝ մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն եւ ցեխոտ սրտեր՝ միւս կողմէն։ Փառասիրութիւն, փութկոտութիւն՝ մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն` միւս երեսէն։ Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց։ Ո՞ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլէ՛ ու ողբա՛ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…»։
1915 թ. ապրիլի 11-ի գիշերը ոստիկանական կառքը կանգնեց Կոմիտասի տան դարպասի մոտ։ Կոմիտասին տարան Պոլսի կենտրոնական բանտ։ Երկու ժամվա մեջ բանտի բակում 220 ձերբակալված հայ մտավորականներ էին հավաքել։ Այդտեղից ցուցակները կարդալով` նրանց նստեցրին փակ մեքենաները, մի մասին տարան Արաշ, մյուսին` Էնկյուրի։ Էնկյուրի տարվածներին 44 կառքով տարան Գալայջիքի կայարան, տեղավորեցին Չանղըրըի զորանոցի նկուղում։ Այդտեղ Կոմիտասը կազմեց իր վերջին երգչախումբը։ Բայց խումբն օրեցօր նվազում էր. տանում էին 2-3 հոգու` ռազմական դատարանում դատելու պատրվակով։ Եկավ Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի հերթը։ Երկար գրկել էին Կոմիտասին։ Հետո նրանց կառք նստեցրին ու տարան…
Լոզան (Շվեյցարիա), 1907 թ.
Աքսորից փրկված մտավորականները օտարերկրյա դեսպանների միջամտությամբ կարողացան ձեռք բերել Կոմիտասին և ևս 8 մտավորականներին ազատելու հրամանը։ Աքսորից ազատվելուց հետո Կոմիտասը դեպրեսիայի մեջ էր։ 1916 թ. առողջությունը լավանում է։ Գրում է «Հայկական պար», «Մշոյ պար» դաշնամուրային ստեղծագործությունները։
Աշնանը դեպրեսիան կրկնվում է։ Նրան տեղավորում են Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոց։ 1919 թ. տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրարի, ապա` Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանը։ Այստեղ էլ Կոմիտասը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին։ Իր կյանքի վերջին 19 տարին Կոմիտասն անց է կացրել հոգեբուժարաններում` որպես խելագար։
Կոմիտասի մահվանից անցել է 75 (իմա՛ 84) տարի: Ցայսօր նրա հիվանդության և մահվան իրական պատճառները մնում են առեղծվածային: Կոմիտասագիտության մեջ մեծ երաժշտագետի վախճանին վերաբերող մի քանի վարկածներ գոյություն ունեն:
1991 թ. Փարիզում բժշկագիտության դոկտոր, երկու հոգեբուժական հիվանդանոցների գլխավոր մասնագետ Լուիզա Տեր-Հովհաննիսյանը Կոմիտաս վարդապետի հիվանդության և մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց, որտեղ ապացուցում է, որ Կոմիտասը խելագար չէր և չէր տառապում շիզոֆրենիայով` հիմնվելով հետևյալ փաստերի վրա:
«Բիւզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանը, որ աքսորված էր Կոմիտասի հետ, վկայել է, որ աքսորի դաժան օրերին ապրելու կամք և ցանկություն նրանց ներշնչում էր վարդապետը: Զարմանում էին, որ Կոմիտասը այդ պայմաններում ուժ էր գտնում՝ ֆիզիկապես և հոգեպես առողջ մնալու, իսկ գիշերները քնում էր երեխայի նման:
Երկու անգամ էլ` թե՛ Պոլսում, թե՛ Փարիզում, Կոմիտասին հոգեբուժարանում մեկուսացրել են խաբեությամբ: Թուրքական ջարդերի սարսափներից հետո նա դառնում է թուրք զինվորական բժիշկների հիվանդը. միայն այս փաստը բավական է եզրակացություն անելու` մի՞թե վարդապետը թուրքերի հետ պիտի խոսեր Եղեռնից:
Նույնկերպ «Կոմիտասի օգնութեան կոմիտէ»-ն խաբեց վարդապետին` իբր Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Ֆրանսիա` հերթական զեկուցումը կարդալու: Կոմիտասը շոգենավով ուղևորվում է Փարիզ: Նրան ուղեկցում էր մի անծանոթ երիտասարդ` ոմն Գևորգ Քամալյան, որն էլ կոմիտեի կարգադրությամբ Կոմիտասին խաբեությամբ տանում է հոգեբուժարան:
Կոմիտասի հիվանդության պատմությանը կցված է սխալ գրություն. իբր Կոմիտասը դեռևս 1898 թ. բուժվել է Թուրքիայի և Ռուսաստանի հոգեբուժարաններում: Դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կոմիտասն այդ շրջանում սովորում էր Գերմանիայում: Կոմիտասը 48 տարեկան էր, երբ առաջին անգամ հայտնվել էր հոգեբուժարանում: Բժշկական պրակտիկան բացառում է այդ տարիքում շիզոֆրենիայի դրսևորվելը:
Ակնհայտ է, որ փաստերը նենգափոխել են՝ կեղծ ախտորոշումն արդարացնելու համար: Կոմիտասի պահվածքում անհանգստացնող դրսևորումը լռությունն էր: Մորիս Դուկոստեն, որը եղել է վարդապետի բժիշկը, գրում է, որ Կոմիտասն ուղղակի չէր ուզում խոսել, հատկապես նախկին ընկերների հետ: Բացի այդ, հայտնի է, որ «Օգնութեան կոմիտէ»-ն կարգադրել էր, որպեսզի առանց իրենց թույլտվության ոչ ոք չայցելի Կոմիտասին: Ի՞նչ իրավունքով և ինչի՞ց էին զգուշանում կոմիտեի ներկայացուցիչները, եթե այդպես համոզված էին, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ է:
1999 թ. հրատարակվեց Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս հրաշագործ» գիրքը, որտեղ հեղինակը Կոմիտասի խելագարության պատմությունը ներկայացնում է` վերապատմելով վարդապետի ժամանակակիցների հուշերը: Ըստ այս վարկածի՝ հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են եկել աքսորի օրերին: Ձերբակալված հայ մտավորականները, կանխազգալով իրենց հրեշավոր վախճանը, խնդրում են Կոմիտասին երգել «Տէ՛ր, ողորմեա՛»-ն: Լացի ու հեկեկոցի ալիք է բարձրանում: Տեսնելով իր ընկերներին այդ վիճակում` Կոմիտասը հիստերիայի մեջ բարձր ծիծաղում է:
Հետագայում, չկարողանալով վերականգնել Կոմիտասի առողջությունը` նրան ռումինական «Տաչիո» նավով ուղարկում են Փարիզ, որտեղ նրան դիմավորում է իր ավագ ընկերը` Արշակ Չոպանյանը: Վերջինս վարդապետին համերգասրահ ուղեկցելու փոխարեն տանում է հոգեբուժարան: Հեղինակն այս փաստը կապում է Կոմիտասի հիվանդության հետ. նա ի վիճակի չէր տնօրինել իր կյանքը, նրա համար միևնույն էր` ուր կտանեն իրեն:
Կոմիտասը մահացել է ոսկորի բորբոքումից: Վիլ-Ժուիֆինը էժանագին հոգեբուժարան էր, և այստեղ հիվանդներին հագցնում էին կոպիտ ոտնամաններ, ինչից էլ Կոմիտասի ոտքը վնասվում է, հետո բորբոքվում` հասնելով մինչև ոսկորը: Հակաբորբոքային միջոցներ այդ տարիներին չկային. դրանք հայտնվել են միայն 1948-1950-ական թվականներին: Սա միակ եզրակացությունն է, որն ընդհանուր էր երկու վարկածների համար:
2004 թվականին լույս տեսավ Կոմիտասի քնարերգության «Փշուր մը» ժողովածուն: Նախագծի հեղինակը և ղեկավարը Վահան Արծրունին էր, կազմողը և խմբագիրը` Այդին Մորիկյանը: Գրքում ընդգրկված է Կոմիտասի քնարերգությունը: Քնարերգությունն, իսկապես, ընդամենը մի փշուրն է Կոմիտասի համընդգրկուն հանճարի: Բայց գրքում զետեղված սիրային բանաստեղծությունները վկայում են, որ Կոմիտասը, հաստատ, ապրել է սիրո զգացումը, և դրանք նվիրված են սիրած կնոջը:
ԱՆՄԱՐ ՍԷՐ
Քեզ չսիրե՞լ`
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
– Քեզի սիրել`
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:
ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եւ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ` ես ու դու`
Երես-երես ճանաչել ենք սիրոյ ծովում իրարու…
Քո սուրբ սէրը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գըլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։
Սարի շողէն, ամպի քօղէն՝
Մենաւորի ոգին ծընել, դեգերել,
Ձեռին մի բոյս՝ կանաչ ու կոյս՝
Խորհըրդաւոր ձորէն քաղել ու բերել։
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արեւծագին շունչ առել,
Ջըրի մօտին, կանաչ խոտին՝
Գըլխիդ վերեւ ծիրան-գօտին փունջ արել։
ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԷՐ
Ես ու դու սէ՛ր ենք,
Մէկ սրտի տէ՛ր ենք.
Նըռան ճիւղերով բոցուն,
Սիրոյ տաղերով արբուն։
Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սէր,
Որ պաղել էր շատ ձըմեռ,
Սըրտիդ բաղում դալարեց։
Տե՜ս, քու սէր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վէր,
Սըրտիս խաղում ծաւալեց։
Պետք չէ Կոմիտասին հիշել որպես տխուր, խելագարված հանճարի: Ի վերջո, բոլոր հանճարներն էլ կյանքի վերջում է՛լ չեն ուզում խոսել, շփվել. ընտրած մարդիկ են լինում նրանց վերջին տարիների, օրերի վկաները: Կոմիտասը խելագար չէր և միայն Ցեղասպանության զոհը չէր: Այդ վերջին փաստն, իհարկե, հաճելի մորմոք է ավելացնում մեր մազոխիստական ցավին, ողբին:
Բայց հիշե՛ք, ռեալ մտածե՛ք, սթափ դատե՛ք. այդ ո՞ր Մեծին, Հանճարին մենք չենք խաչել: Շատ հեռու չգնանք. Արտավազդ Փելեշյանից ի՞նչ գիտենք: Գիտենք, որ նա Մոսկվայում է, և որ է՛լ չի նկարում այդ հանճարեղ, մեծ ռեժիսորը: Ինչո՞ւ: Այս ազգային նկարագրի մաս կազմող հարցի պատասխանն այնքան պարզ է Կոմիտասի երգիծական բանաստեղծություններից մեկում:
ԱՌԱԿ
Կար ու չը կար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց,
Եկաւ,
Նըստաւ
Ճակտիս վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թոյնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՜կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բուն չունի՞ս,
Դու քուն չունի՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունիս»:
– «Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացի՛ր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»:
Փարիզ, 8 դեկտեմբերի 1906 թ.
Հ. Գ. … Խրիմյան Հայրիկը Բյուրականի իր ամառանոցում առավոտյան սուրճն էր խմում: Հանկարծ ձայն տվեց թոռնուհիներին. «Աղջկե՛րք, կէս ժամէ ի վեր ականջիս երգ ու երաժշտութեան ձայներ կու գան, սա ցնո՞րք է, թէ՞ իրականութիւն»:
Հայրիկի պատվերով հարսներն ու թոռները վազեցին ձայների ուղղությամբ` մի բլուրի գագաթը, և ի՞նչ տեսնեն. դեպի գյուղ եկող սայլի վրա Խորեն Հայրիկը, տան բարեկամ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն ու Եղիշե Թադևոսյանը շրջապատել էին Բեռլինից բերված իրենց դաշնամուրը:
Բաց դաշնամուրի առաջ նստածը Կոմիտասն էր: Նվագում ու երգում էր Հայրիկի սիրած ուրախ երգերը: Ուրախության սեղաններ բացվեցին: Հայրիկի խնդրանքով Կոմիտասը նվագեց, երգեց, պարեց ժողովրդական մարտական պարերից:
Մի քանի տարի առաջ նկարահանման խմբով Բյուրական էինք գնացել: Գտանք Խրիմյան Հայրիկի ամառանոցը, եղանք այն սենյակում, որտեղ գիշերում էր Կոմիտասը Բյուրականում եղած ժամանակ: Գյուղացիներից ամենատարեցները հիշողություններ էին պատմում Կոմիտասի մասին: Ասում էին, որ Հայրիկի ամառանոցի դիմացի տունը գյուղի մեծահարուստինն էր, ով շատ աղջիկներ ուներ: Ասում էին, որ Կոմիտասը նրանցից մեկին շատ էր հավանում և կանգնում էր պատշգամբում, որ դեպի աղջկա տունն է նայում, և երգում էր այդ աղջկա համար:
Բյուրականում տատիկներին ու պապիկներին խնդրեցի երգել: Կոմիտասի մշակումներից էլ էին հիշում: Բայց հիմնականում երգում էին այն, ինչ հնչում է հեռուստատեսությամբ: Բոլորը երազում էին հայտնվել Տիգրան Կարապետիչի եթերում, դառնալ «Զմրուխտ» և «Ադամանդ»:
Գյուղացին է՛լ երգեր չի հորինում. հեռուստատեսությամբ նրանք ստանում են համապատասխան «սնունդ»: Չնայած, դժվար է ասել: Գուցե կա՞, ստեղծվո՞ւմ է գյուղերում ժողովրդական ֆոլկլոր. հավաքող, տեր կանգնող, մշակող է պետք: Վերջիվերջո, Ալեքսանդր Սպենդիարյանը, ոգևորված Կոմիտասի գործով, ինքն էլ ընկնում է գյուղից գյուղ, բայց չի գտնում և ոչ մի այնպիսի գոհար, որ Կոմիտասն էր գտել, մշակել ու նոտագրել: Ու զարմացած բացականչել է Սպենդիարյանը. «Մեծագո՜ւյն մոլորեցնող է այդ Կոմիտասը» (“Комитас – великий мистификатор”):
Մարինա Բաղդագյուլյան
Խմբ. Նյութը հոդվածաշարի տեսքով տպագրվել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի 2010 թ. ապրիլի 24-ի № 110, ապրիլի 27-ի № 111 և ապրիլի 29-ի № 113 համարներում: