ԿՈՉՆԱԿ

Տիրոջ մարմնի անապականութեան մասին

«Մարմին Նորա ոչ ետես զապականութիւն»…
Գործք. Բ 31

Յիսուսի խաչելութիւնը
Երևանի Մատենադարան, ձեռ. 7644, էջ 117բ, 
Աւետարան, XIII-XIV դդ., Կիլիկիա, Ղրիմ
Ծաղկող՝ Աւետիք
Յիսուսի խաչելութիւնը
Երևանի Մատենադարան, ձեռ. 7644, էջ 117բ,
Աւետարան, XIII-XIV դդ., Կիլիկիա, Ղրիմ
Ծաղկող՝ Աւետիք

Քրիստոս՝ անարատ «Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի» (հմմտ. Յովհ. Ա 29), չարչարուեց, խաչուեց, մեռաւ, թաղուեց եւ երրորդը օրը հրաշափառապէս յարութիւն առաւ: Իր մահուամբ մահը վերացրեց եւ Իր յարութեամբ մեզ կեանք պարգեւեց: Արդ, այլափառների դասերից եղան հերձուածողներ, ովքեր Կենարարի անապական մարմինն ապականութիւն բարբաջեցին՝ թիւր պատճառ բերելով մահը, որն, ասացին, ապականութիւն է մարմնին:

Իսկ որ մահն ու ապականութիւնը տարբեր բաներ են, յայտնի է նախ գործերից: Քանզի մահուան գործը ոչ թէ մարմինն ապականելն է, այլ՝ հոգին մարմնից անջատելը: Իսկ մարմնի ապականումը մահուան հետեւանքն է եւ ոչ թէ՝ արդիւնքը: Դարձեալ՝ մարմինն ապականւում է ոչ թէ հոգուց հեռացմամբ, այլ՝ իր տարրերից զատմամբ եւ քայքայմամբ: Ինչպէս, ասենք, մէկը մի ծառ կտրի, իսկ մի ուրիշն էլ հատուած ծառը մասնատի ու այրի: Այսպէս, ծառի համար ապականութիւն եղաւ ոչ թէ հատումը, այլ՝ այրումը:

Նմանապէս, մահը կտրում է կեանքի ծառը, իսկ փտումն ու այլայլումը ապականում են այն: Ուստի անհեթեթ է մահն ապականութիւն կոչել: Այլեւ մահը բաժանում է անձը, իսկ ապականութիւնը փոփոխում է բնութիւնը: Մահն Արարչից սահմանուած պատիժ է, իսկ ապականութիւնը բանսարկուի հնարանքով եղաւ, ինչն էլ հետեւում է մահուանը:

Եւ եթէ Քրիստոսի մարմինը կարելի է մահկանացու եւ չարչարելի ասել՝ այնքանով, որքանով մահն ու չարչարանքը կամաւորապէս յանձն առաւ, ապա այն երբէք չի կարելի ապականացու ասել, քանի որ դա աններելի հայհոյութիւն է: Այլ անապական Կոյսից վերցնելով անապական մարմին՝ այն անապականաբար միաւորեց Իր աստուածային անապական Էութեանը: Մինչդեռ ապականութիւնը մեղքի ծնունդ է, մեղքը յոյժ չար է, իսկ Քրիստոս մեղք չգործեց (հմմտ. Ա Յովհ. Գ 5), որի համար էլ «մարմին Նորա ոչ ետես զապականութիւն»:

Մարդկային մարմնի ապականութիւնը լինում է այր ու կնոջ սերմի խառնումից, մինչ Բանի մարմինը «ոչ է ի սերմանէ հօր եւ մօր»¹, այլ կուսական արգանդից՝ բեղմնաւորուած անապական արիւնից: Քրիստոսի կոյս Եկեղեցին Սբ. Մարիամ Աստուածամօրը անապական է խոստովանում՝ ոչ թէ ըստ բնութեան գոյացութեան, այլ որովհետեւ Բանն Աստծուն ծնեց անապական մարմնով. «Հոգին Սուրբ եկեսցէ ի քեզ, եւ զօրութիւն Բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո, զի որ ծնանելոցն է ի քէն, Սուրբ է» (Ղուկ. Ա 35):

Արդ, եթէ ծնողն անապական է, ինչպէ՞ս կարող է նրանից ծնուածն ապականացու լինել: Անապատում երկնքից իջած մանանան օրինակն էր Փրկչի անապական մարմնի: Եւ ինչպէս մանանան է առ այսօր անապականաբար պահւում ոսկէ սափորում, սոյնպէս էլ Քրիստոսի մարմինն է անապական յաւիտեանս յաւիտենից: Նաեւ բոլոր սուրբ վարդապետներն ու ուղղափառ Հայրերը` Եփրեմ Ասորին, Յովհան Ոսկեբերանը, Կիւրեղ Աղէքսանդրացին, Աթանաս Մեծը եւ ուրիշներ, Յիսուսի կենդանարար մարմինն անապական խոստովանեցին՝ նզովքներով խցելով հերետիկոսների բերանները, թէ՝ «Եթէ ոք յետ անճառ միաւորութեանն ապականացու ասէ զանապական մարմինն սուրբ, նզովեալ լիցի»²:

Չար լեզուներն ասացին՝ եթէ Քրիստոս անապական մարմին վերցրեց, ուրեմն մեզ չփրկեց, քանզի մեր մարմինն ապականացու է, այլ փրկեց Ադամի մինչմեղանչական մարմինը, որն անապական էր: Բանն Աստուած վերցրեց ոչ թէ մեր ապականացու, այլ «ապականակիր»³ մարմինը՝ մեզ փրկելով մերիններով: Եւ երբ միաւորեց Իր աստուածային բնութեանը, հոգուց զատեց մեղքը եւ մարմնից հեռացրեց ապականութիւնը, ինչպէս հուրը, միաւորուելով ոսկու հետ, նրանից սրբում է ժանգը՝ այն դարձնելով անապական:

Այդպէս էլ Կոյսից անմեղ հոգով ու անապական մարմնով ծնուեց մարդացեալ Աստուած: Ոչ թէ վերցրեց Ադամի առաջին բնութիւնը, որ ունէր մինչ մեղանչելը, այլ վերցրեց Ադամի «ապականազանգուած»⁴ մարմինը, որը միաւորելով Իր հետ՝ այնտեղից արտաքսեց ապականութիւը՝ կրկին երեւան հանելով Ադամի առաջին՝ անմեղ ու անապական բնութիւնը: Աստուած հէնց այդ բանի համար մարդացաւ, որպէսզի մարդը վերագտնի ադամական անապական բնութիւնը:

Իսկ ոմանք էլ, իբր նշան ապականութեան, պատճառ բերեցին Քրիստոսի՝ մարմնով աճումն ու զարգացումը: Սակայն ոչ թէ աճումն է ապականութիւն, այլ՝ դրա հակառակը: Քանզի աճումը զարգացում է, իսկ ապականութիւնը՝ նուազութիւն, որ «յոչգոյութիւն փոփոխէ»⁵: Եւ Քրիստոսի՝ մարմնով աճելը ցոյց է տալիս Նրա ճշմարիտ մարդեղութիւնը, այլ ոչ թէ՝ երեւութական լինելը:

Ուրիշներն էլ հերձախօսեցին, թէ Քրիստոսի՝ կաթնասուն լինելն ու կերակուր ուտելն են իբր մաս ապականութեան: Այն, որ կերակրուելը ապականութեան մաս չի կազմում, յայտնի է Ադամի օրինակից, որ նախքան մեղանչելը կերակրկւում էր եւ ապականացու չէր: Ոչ թէ քաղց զգալու, այլ Աստուծոյ թոյլտուութեան պատճառով էր ուտում. «Յամենայն ծառոց որ է ի դրախտիդ՝ ուտելով կերիցես. բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի՝ մի՛ ուտիցէք» (Ծննդ. Բ 16): Նոյնպէս եւ Քրիստոս էր կերակրւում անապական մարմնով: Եւ կերակուրն արտաքնոց չէր գնում, ինչպէս սովորութիւնն է մարդկային մեղանչական բնութեան: Արդ, ոչ թէ կերակուրը, այլ մեղքն ապականեց մարդու բնութիւնը:

Իսկ Քրիստոս թէեւ կերակրւում էր, սակայն բացարձակապէս զերծ էր մեղքից՝ անապական լինելով անգամ մարմնաւոր ծննդեամբ. «Խօսեալ զմայր Նորա Մարիամ Յովսեփու, մինչչեւ եկեալ առ միմեանս՝ գտաւ յղացեալ ի Հոգւոյն Սրբոյ» (Մատթ. Ա 18):

Դարձեալ ասացին՝ եթէ Քրիստոսի մարմինը «կրական»⁶ էր, ուրեմն ապականացու էր, իսկ եթէ «անկրական»⁷ էր, ապա ճշմարտապէս մարդ չէր: Երկակի է կիրքը (իմա՛ զգացում, զգացողութիւն)՝ կամաւոր եւ ակամայ: Ակամայ կրքերը ծառայական են եւ հարկաւորական: Բանն Աստուծոյ մօտ չեն տեսնւում ակամայ կրքեր, քանզի Ինքը, լինելով համայնի Տէրն ու Արարիչը, բնութեան հարկադրանքի ու ծառայութեան ներքոյ չէ, ինչպէս մենք, այլ վեր եւ ազատ է ամէն մի կրքից:

Մարդեղութեամբ մեր Տէրն Իր մէջ կրեց միայն կամաւոր կրքերը. քաղցում էր, երբ ուզում էր, ծարաւում էր, երբ կամենում էր՝ ոչ թէ մեզ նման՝ «ի հարկէ՛» (կարիքից դրդուած), այլ՝ Իր կամքի համաձայն: Աստուծոյ անեղ էութիւնն անկրական է թէ՛ կամաւոր եւ թէ՛ ակամայ կրքերի հանդէպ: Քանի որ կիրքը բնորոշ է եղականին, ինչպէս պարագան է առհասարակ մարդու, որ կրական է թէ՛ կամաւորի եւ թէ՛ ակամայի նկատմամբ՝ բնութեամբ ու կամքով:

Եւ որովհետեւ Քրիստոս Աստուած է, չունի ակամայ կրքեր, այլ որովհետեւ նաեւ ճշմարիտ Մարդ է՝ մարմնացեալ Բանը, կրում է սոսկ կամաւոր կրքերը: Քրիստոս Իր կամաւոր կրքերով մեզ ազատեց ակամայ կրքերի դատապարտութիւնից եւ կամաւոր կրքերի չափազանցութիւնից՝ Իր անապականութեամբ մեր ապականուած բնութիւնը վերստին կոչելով ապականութիւնից անապականութեան: Իսկ ինչպէ՞ս կարող է ապականացուն անապական դարձնել ապականացուն, եթէ ինքը չունի անապականութիւն, ինչպէս խաւարը, որ չունի լոյս, չի կարող լուսաւորել խաւարը:

Արդ, եթէ Քրիստոս չէր կրում ակամայ կրքերը, ասացին, ուրեմն թերակատար էր մարդեղութիւնը: Չափազանց անմտութիւն է այսպէս խորհելը: Քանզի մարդու բնութեան բնական բանականին ակամայ կրքերը մաս չեն կազմում, այլ՝ անասնականին՝ Ադամի բնութեան մէջ յետամտական լինելու պատճառով: Տէր Յիսուս Իր մարդեղութեամբ վերցրեց այն, ինչը մարդու բնութեանը բնական էր՝ ի բաց թողնելով եկամուտ անասնականը, որ արդիւնք էր մեղքի:

Դրախտում առաջին մարդը՝ Ադամը, նախքան մեղանչելը չունէր ո՛չ մարմնի արտաթորում եւ ո՛չ էլ՝ արտածորում, ինչպէս Նոյը՝ տապանում, կամ սաղմնաւորուած մանուկը՝ մօր արգանդում: Այսպէս էլ մեր Տէրն էր զերծ կերակրի ապականութիւնից, ինչպէս որ մոմը, երբ կատարելապէս այրւում է, չի ունենում արտահոսք, կամ էլ կապարով կնքուած ապակէ անօթի ջուրը, որ արեւի ջերմութիւնից նուազելով՝ դարձեալ չի ունենում արտահոսք⁸:

Արդ, Քրիստոս աստուածութեան հրում անապական մնաց մարմնով եւ անմեղ կրքերով: Իսկ ակամայ ու կամաւոր կրքերը լինում են երկու տեսակ՝ անգոսնելի (արհամարհելի) եւ անանգոսնելի (ոչ արհամարհելի): Արդէն ասացինք, որ Փրկիչն Իր մարդեղութեամբ ակամայ կրքեր չկրեց: Չկրեց նաեւ անգոսնելի կրքեր, որոնք վերստին մեղքի պատճառով են:

Այսպէս, Քրիստոս կատարելապէս կրեց մարդկային կամաւոր անանգոսնելի կրքերը՝ դրանցով ցոյց տալով Իր ճշմարիտ Մարդ լինելը եւ դրանց անմեղութեամբ դատապարտելով մեղքը՝ մարմնի կրքերի: Արդ, մեր Տէրը քաղցեց, ծարաւեց, քրտնեց, ննջեց, աշխատեց, արտասուեց, թախծեց… Իսկ կերակրի եւ ցանկութեան ակամայ ծորումը թէպէտ անանգոսնելի է, սակայն դա՛ էլ չկրեց, քանի որ կամաւոր չէ:

Ոմանք էլ Տիրոջ խոցուածքն ու արիւնն են ցուցիչ բերում իբր ապականութեան: Աշխարհի փրկութիւնը Քրիստոսի չարչարանքներով ու մահուամբ եղաւ: Ուրեմն ի՞նչ՝ ապականութի՞ւնը մեզ փրկեց կամ աշխարհի փրկիչը ապականութի՞ւնը եղաւ եւ ո՞չ Քրիստոս: Աւա՜ղ նրանց անբան մտահաճութեանը, ովքեր իրենց Տիրոջն ուրացած՝ «ածեն ի վերայ ինքեանց զարագահասն կորուստ» (Բ Պետ. Բ 1):

Իսկ մենք՝ Մայր Եկեղեցու հարազատ զաւակներս, ամո՛ւր պահենք ուղղափառ վարդապետութիւնը՝ «շինեալ ի վերայ հաւատոյ հիման մարգարէից եւ առաքելոց՝ անշարժ խարսխեալք ի վերայ յուսոյն Քրիստոսի: Եւ Նմա փա՜ռք յաւիտեանս. ամէն»⁹:
________________________________________

¹ Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Կ. Պօլիս, 1729, էջ 499 (այսուհետ՝ Հարցմանց):

² Նոյն տեղում:

³ Նոյն տեղում, էջ 500:

⁴ Հմմտ. նոյն տեղում:

⁵ Նոյն տեղում, էջ 501:

⁶ Նոյն տեղում: «Կրական» նշանակում է՝ «կիրք (զգացողութիւն) ընդունող»:

⁷ Նոյն տեղում: «Անկրական» նշանակում է՝ «կիրք (զգացողութիւն) չընդունող»:

⁸ Հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Ոսկեփորիկ, Երեւան, 1995, էջ 168:

⁹ Հարցմանց, էջ 503:

Exit mobile version