«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Քրիստոսի միաւորութեան մասին

Քրիստոսի ծնունդը
 Երևանի Մատենադարան, ձեռ. 10675, էջ 177ա, 
 Մալաթիայի Աւետարան, 1267-1268 թթ.
 Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Քրիստոսի ծնունդը
Երևանի Մատենադարան, ձեռ. 10675, էջ 177ա,
Մալաթիայի Աւետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…
Յովհ. Ա 14

Բանը՝ Աստուծոյ Խօսքը (Λόγος), Որդին, մարմին եղաւ, այսինքն՝ առանց փոփոխման միաւորուեց մարմնին: Ոչ թէ Բանը վերածուեց մարմնի, այլ մնալով միշտ Բան՝ մարմին եղաւ՝ ըստ անճառ միաւորութեան: Բանի մարմնացումով յայտնի դարձաւ Քրիստոսի աստուածութիւնը, քանի որ Բանն առանց մարմնի Քրիստոս չէ, այլ՝ Բանը, որ մարմին եղաւ:

Արդ, Քրիստոս մարդկայի՞ն բնութեամբ է Աստուած, թէ՞ աստուածային բնութեամբ՝ Մարդ: Որպէսզի խոյս տանք երկակի ծայրայեղութիւնից՝ նեստորական մարդապաշտութիւնից եւ եւտիքեան շփոթութիւնից, հարկ է ուղղընթաց առաջանալով՝ փախչել երկու մոլորութիւններից էլ՝ խոստովանելով, թէ՝ «Քրիստոս ըստ անշփոթ միաւորութեանն՝ աստուածային բնութեամբն Մարդ է, եւ մարդկային բնութեամբն Աստուած է»¹: Քրիստոս անունն էլ դա՛ է ուսուցանում՝ աստուածութեամբ Մարդ լինելը, եւ մարդկութեամբ Աստուած լինելը:

Ոչ թէ սոսկ մարդ է Քրիստոս կամ լոկ Աստուած, այլ՝ երկուսի կատարեալ միաւորութիւնը: Սակայն երկուսը չեն, այլ՝ մէկը, քանզի միաւորւում են բաժանաբար եւ բաժանւում են անբաժանաբար: Բայց նեստորականներն ու միւս հերձուածողներն ուրանում են բնութիւնների միաւորումը՝ սուտ պատճառ բերելով միաւորութեամբ նրանում շփոթութեան ներմուծումը: Թէպէտ «Բանն մարմին եղեւ», միաւորուելով մարդկային բնութեանը, դրանից, սակայն, շփոթութիւն կամ խառնակութիւն չներմուծուեց, ինչպէս հոգու եւ մարմնի անշփոթ միաւորութեան դէպքում է:

Ուստի «Բանն մարմին եղեւ» առանց շփոթման՝ ադամական բնութիւնը կատարելապէս միաւորելով Իր աստուածութեանը: Եւ որովհետեւ մի է Քրիստոս, ինչպէս ասում է առաքեալը. «Մի է Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն» (Եփես. Դ 5), մի է նաեւ Նրա բնութիւնը: Բանի մարմնացումը տեղի ունեցաւ ծայրագոյն միաւորութեամբ՝ վեր լինելով մարդկային բնութիւնից: Քանզի Անեղը միաւորւում է եղականի հետ՝ անփոփոխ եւ անբաժան միաւորութեամբ:

Սակայն ինչպէ՞ս է, որ Քրիստոս միաժամանակ մարդ է եւ Աստուած. սոյնը վեր է բոլոր մտքերից ու խօսքերից՝ հասու լինելով միայն Իրեն՝ Աստծուն: Պարտ է հաւատքը գերադասել մտքից, եւ Քրիստոսին կատարեալ Աստուած եւ կատարեալ Մարդ խոստովանել. Աստուած՝ աստուածութեամբ եւ Մարդ՝ մարդկութեամբ: Եւ սա լինում է ոչ թէ մասամբ կամ բաժանմամբ, այլ՝ ամբողջութեամբ եւ միաւորութեամբ:

Աստուած կոչւում է Մարդ, եւ մարդը՝ Աստուած ոչ թէ «փոխարկապէս»², այլ՝ «փոխատրապէս»³: Նախքան մարդեղութիւնն էլ էր Աստուած, սակայն այժմ միաւորեալ մարմնով է Աստուած:

Իսկ ովքեր Բանին ու մարմնին սոսկ մի բնութիւն են խոստովանում, կատարեալ ամբարիշտներ են: Քանի որ Բանի մարմինը Կոյսից է, Կոյսը՝ Ադամից, Ադամն էլ՝ հողից: Եւ հողից արարուածին ու նրա Արարչին միեւնոյն բնութիւն վերագրելը մեծ ամբարշտութիւն է կարծւում: Մինչդեռ միաւորութիւնից յետոյ Քրիստոսի մէջ դարձեալ երկու բնութիւն ասողները բռնաբար բաժանում են Նրա կամքը, գործերը, անմեղ կրքերը: Այսպիսիք թէեւ մի անձ են խոստովանում, սակայն ուրանում են Աստուծոյ մարդացումը, ինչպէս նեստորականները: Իսկ ովքեր երկու բնութիւնները մէկ դարձած են խոստովանում՝ որպէս թէ ո՛չ Աստուծոյ եւ ո՛չ մարդու, այլ՝ կիսով չափ Աստուծոյ եւ կիսով չափ մարդու, սրանք էլ փրկական տնօրէնութիւնները համարում են ունայն եւ «առ աչօք»⁴, ինչպէս մանիքեցիներն ու եւտիքեանները:

Արդ, երբ Բանին ու մարմնին ասում ենք մի բնութիւն, սա լինում է Արիոսինը, որ Բանին ու մարմնին «արարած» խոստովանեց եւ յաւէտ դէպի մեղքը խոտորուեց: Մի բնութիւն ասաց նաեւ Ապողինարը՝ ուրանալով Քրիստոսի հոգին ու միտքը. իբրեւ թէ Բանը մարմնում բնակուեց հոգու փոխարէն: Եւտիքէսն էլ մի բնութիւն ասաց՝ շփոթելով ու խառնակելով բնութիւնների յատկութիւնները: Մի բնութիւն ասաց եւ միւս Եւտիքէսը՝ Բանի մարմնացումը Կոյսից՝ իբրեւ խողովակից խոստովանելով: Մի բնութիւն համբաւեցին ճշմարիտ մարդեղութիւնը նմանութիւն եւ «առ աչօք»⁵ կարծողները, ինչպէս երեւութականները: Մի բնութիւն ասացին եւ նրանք, ովքեր Բանի մարմինը երկնքից վերցուած խոստովանեցին: Դարձեալ՝ մի բնութիւն հռչակեցին Մարկեղոսն ու Փոտինոսը, որոնք Բանին խոստովանեցին ոչ թէ Հօրից ծնուած՝ «նախքան զյաւիտեանս»⁶, այլ՝ Կոյսի՛ց սկիզբ առած: Նրանք մարմնացեալ Բանին անանձ եւ անգոյ խոստովանեցին, ինչպիսին մարդկային խօսքն է: Այսպիսի չար հերձուածներին ու այսպէս խորհողներին նզովում է Աստուծոյ Եկեղեցին:

Իսկ միաւորութիւնից յետոյ երկու բնութիւն խոստովանողները երկու խմբի են բաժանւում: Ոմանք, ինչպէս Նեստորը, Պօղոս Սամոստացին եւ Դիոթորոսը, Քրիստոսին բաժանեցին երկու անձերի, երկու կամքերի, երկու գործերի՝ դաւանելով երկու Որդի եւ երկու Քրիստոս. մէկը՝ Տէր, իսկ միւսը՝ ծառայ, մէկը՝ բնութեա՛մբ Աստուծոյ Որդի, իսկ միւսը՝ շնորհո՛վ: Մինչդեռ քաղկեդոնականները թէպէտ «մի անձ» ասացին, սակայն Քրիստոսին կրկին բաժանեցին երկու բնութիւնների, երկու կամքերի եւ երկու գործերի, ինչպէս Լեւոնը, Փլաբիանոսը եւ նրանց համամիտ երկաբնակները: Նրանք չեն խոստովանում էութեամբ ու բնութեամբ միութիւնը, այլ միայն՝ անձով: Մինչդեռ անձն առանց բնութեան սոսկ անուն է եւ ոչ՝ էութիւն, ինչպէս Որդի, Քրիստոս կամ Յիսուս: Եւ անունները թէկուզ մի են ասում, սակայն անուանը միաւորում են երկու էութիւն՝ աստուածային եւ մարդկային՝ բաժանելով էութեամբ եւ միաւորելով որդիութեամբ:

Քրիստոսաբանական այս խրթին ձեւակերպումներն ու թերհասկացողութիւններն էլ դարերի ընթացքում, դժբախտաբար, պատճառ են եղել աստուածաբանական անվերջ վէճերի՝ ծնունդ տալով քրիստոնէական եկեղեցիների պառակտմանը, կրօնական թշնամանքին և փոխադարձ նզովքներին:

Երրորդ խումբն էլ երկուսից մի բնութիւն եղած խոստովանեց՝ ո՛չ Աստուծոյ եւ ո՛չ մարդու՝ կա՛մ ուրանալով երկուսից մէկը, կա՛մ էլ թուացեալ համարելով այն, որոնց եւս նզովում է Սուրբ Եկեղեցին:

Իսկ «դասք ուղղափառաց»⁷ աներկբայօրէն այսպէ՛ս են խոստովանում, թէ Բանն Աստուած նախքան մարդեղութիւնը հեռու էր մարդկանցից, որքան հեռաւորութիւն որ կարող է լինել Արարչի եւ արարածի, Անեղի եւ եղականի, Յաւիտենականի եւ ժամանակաւորի միջեւ: Եւ երբ Ստեղծիչը կամեցաւ մարդ լինել, Իր կատարեալ անձով ու էութեամբ ամբողջապէս եւ անճառապէս միացաւ մարմնին: Ոչ թէ մասամբ վերցնելով մարդկային բնութիւն, այլ՝ ամբողջ բնութիւնը անհատ մարդկութեամբ՝ բանական հոգով, իմանալի մտքով ու թանձրացեալ մարմնով, միաւորեց Իր աստուածութեանը անշփոթ եւ անբաժան միութեամբ՝ երբէք չունենալով բաժանում ո՛չ դէմքում, ո՛չ բնութեան մէջ, ո՛չ կամքում եւ ո՛չ էլ գործերում: Քանզի միաւորուածը չի բաժանւում, այլ երկուութիւնը վերացւում է միութեամբ:

Այս միաւորութեամբ Քրիստոսի մէջ ամենակատար սրտով խոստովանում ենք «մի անձն, եւ մի դէմ, եւ մի կերպ, եւ մի բնութիւն, եւ մի կամք, եւ մի ներգործութիւն»⁸: Թէպէտ միաւորւում են բնութեամբ, սակայն չեն շփոթւում տարբերութեամբ: Եւ ինչպէս հոգու ու մարմնի տարբերութիւնը չի խափանում միաւորութիւնը, այնպէս էլ Բանի՝ բնութեամբ միութիւնը, քանզի «մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ»⁹, ինչպէս որ դաւանեցին Տիեզերական Հայրեր Սբ. Աթանասը եւ Սբ. Կիւրեղը:

________________________________

¹ Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Կ. Պօլիս, 1729, էջ 75:

² Նոյն տեղում: «Փոխարկապէս» նշանակում է՝ «մի բանը վերածելով մէկ ուրիշ բանի»:

³ Նոյն տեղում: «Փոխատրապէս» նշանակում է՝ «փոխարէնը տալով»:

⁴ Նոյն տեղում, էջ 81: «Առ աչօք» նշանակում է՝ «թուացեալ»:

⁵ Նոյն տեղում, էջ 82:

⁶ Նոյն տեղում:

⁷ Նոյն տեղում:

⁸ Նոյն տեղում, էջ 83:

⁹ Նոյն տեղում, էջ 83:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Քրիստոսի միաւորութեան մասին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…Յովհ. Ա 14

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Յարակից նիւթեր