«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Ճեմարանը` հոգեմտավոր դարբնոց, ճեմարանականները` ապագա հոգևորականներ

Գևորգյան ճեմարանի սաներն ու մանկավարժները 
Էջմիածին, 1913 թ.
Գևորգյան ճեմարանի սաներն ու մանկավարժները
Էջմիածին, 1913 թ.

Սկիզբը՝ այստեղ

Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում, որը լի է եղել վերելքներով ու նահանջներով, հաղթանակներով և պարտություններով, միշտ էլ կարևորել ու մեծ տեղ է հատկացրել կրթությանը, որը հաճախ ձեռք է բերվել ի գին տքնաջան մաքառումների: Դեռևս ոսկեդարից սկսած` աշխարհիկ կրթությանը զուգահեռ մեծապես կարևորվել է նաև հոգևոր կրթությունը:

Սա էր պատճառը, որ հայ թարգմանական և ինքնուրույն գրականության ձևավորումն ու տարածումը վստահվեցին հենց հոգևոր դասի ներկայացուցիչներին, որպիսիք էին Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Կորյունը, Ղազար Փարպեցին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը և այլոք:

Դժվար է պատկերացնել, որ եթե չլիներ, ասենք, Թարգմանչաց շարժումը, ապա մատենագրական ինչպիսի ահռելի կորուստ կարող էինք ունենալ: Հոգևոր մշակույթի նվիրյալ թարգմանիչ վարդապետները ոչ միայն ոսկեղենիկ հայերենով մեզ մատուցեցին Աստվածաշունչ մատյանը, այլև սուրբգրային մեկնություններն անխաթար պահելու և այդ ժամանակ ծայր առած աղանդավորական խմորումները չեզոքացնելու նպատակով ձեռնամուխ եղան հայերեն թարգմանել նաև հայրախոսական մի ամբողջ հսկայածավալ շտեմարան:

Թարգմանական այս երկրորդ շերտն աչքի էր ընկնում ուղղադավան երկասիրությունների ժանրային բազմազանությամբ` աստվածաբանական, վարդապետական, մեկնողական գործերից մինչև ծիսական, վարքագրական և ջատագովական աշխատություններ:

Թարգմանական գրավոր հուշարձաններն արգասավորվեցին հատկապես մատենագիրների ստեղծած սեփական կոթողներով, որոնք անգնահատելի ներդրում ունեցան հայ հոգեմտավոր դպրության և գրչության զարգացման գործում: Տասնյակ սերունդներ կրթվեցին ու դաստիարակվեցին նրանց թողած գրական ժառանգությամբ, որոնց ճնշող մեծամասնությունը հոգևորականներ էին: Հայ եկեղեցին ամեն տարի մեծ շուքով ու հանդիսավորությամբ երկիցս տոնախմբում է թարգմանչական շնորհակալ գործն ստանձնած եկեղեցական այրերին` «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո: Դարերի հոլովույթում Հայ եկեղեցու երախտավորների փաղանգը համալրվեց ականավոր եկեղեցական նոր դեմքերով ու գործիչներով:

Միանգամայն հասկանալի է, որ առանց վանական դպրանոցների գոյության պարզապես հնարավոր չէր լինի իրականացնել գրական-լուսավորչական այն բազմաշերտ գործունեությունը, որն ամենայն պատվախնդրությամբ կյանքի կոչեցին թարգմանիչ վարդապետները:

Բնականաբար, մեր օրերի հոգևորական դասը պետք է ցուցաբերի ողջամիտ բծախնդրություն և նախանձախնդրություն Հայ եկեղեցու մատենագրական ողջ ժառանգության, Սուրբ Հայրերի թողած անգին ավանդի, եկեղեցական ավանդությունների և ուղղափառ վարդապետության նկատմամբ: Այս ամենի նկատմամբ սերն ու հոգատարությունը նախ և առաջ հարկավոր է սերմանել հոգևոր-կրթական հաստատություններում:

Յուրաքանչյուր ճեմարանական պիտի քաջ գիտակցի, որ ինքը չի կարող հոգևորական լինել, եթե նախ վերոհիշյալ հոգևոր արժեքների կրողը, պահպանողն ու փոխանցողը չէ: Իսկ այդպիսին լինելու համար հարկ է ոչ միայն ուսումնասիրել և հետազոտել մեր հոգևոր-մշակութային գանձարանը, այլև սեփականել ու յուրացնել նրա անկողոպտելի հարստությունը:

Մեր օրերում երբեմնի վանական դպրոցներին փոխարինելու են եկել հոգևոր դպրանոցները կամ դպրեվանքերը, որոնք հայտնի են նաև ճեմարան անվամբ: Ինչ խոսք, ներկայիս ճեմարաններն սպառազինված են նորագույն տեխնիկայով, հարուստ գրադարանով, արդի հնարավորություններով, որոնցից զուրկ էին միջնադարյան հոգևոր-կրթական հաստատությունները:

Այս ամենի կողքին առաջնահերթ է ճեմարանը վերածել մի անգերազանցելի հոգեմտավոր դարբնոցի, որտեղից կթրծվեն և կկերտվեն ապագայի ուսյալ հոգևորականները, որոնք արժանավոր հետնորդները պիտի լինեն իրենց բարեհիշատակ նախնյաց: Ճեմարանը միաժամանակ կարելի է նմանեցնել մայրական արգանդին, որը վեց, առանձին դեպքերում` ինը տարի մեծ հոգատարությամբ կրելով իր պտղին` նրան ծնունդ է տալիս «ի լրումն ժամանակաց»: Եվ այս դեպքում չափազանց կարևոր է մոր առողջությունը, եթե չենք ուզում ունենալ թերաճ ծնունդներ կամ անակնկալ վիժումներ:

Ճեմարանական ուսման ավարտին պարտադիր պայման չէ, որ բոլոր շրջանավարտներն անխտիր հոգևորական դառնան: Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն` ճեմարանը նախ և առաջ ապահովում է կրոնական կրթություն` իր մեջ ներառելով նաև հումանիտար հոսքի առարկաները:

Նրանում հոգևոր ուղղվածությունը պետք է գերազանցի աշխարհիկ առարկաներին: Սակայն հաշվի առնելով ճեմարանի կոչումը, այն է` ապահովել և համալրել եկեղեցական դասը նոր սպասավորներով` դիմորդները հիմնականում ճեմարան են ընդունվում հոգևորական դառնալու հեռանկարով: Ուսմանը զուգահեռ ճեմարանականներն ստանում են դպրական, կիսասարկավագական և սարկավագական ձեռնադրություններ, որոնց մասին մեր խոսքը փոքր-ինչ կծավալենք` տալով անհրաժեշտ լուսաբանություններ:

Հայ եկեղեցում հոգևորական դառնալու ճանապարհն սկսվում է ճեմարանական կրթությամբ և ավարտվում ձեռնադրությամբ, որի միջոցով թեկնածուին են փոխանցվում նվիրապետական տարբեր աստիճաններ, որոնք Հայ եկեղեցում թվով ինն են:

Առաջին չորս աստիճաններ (դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն) ստացած խոնարհ սպասավորները կոչվում են դպիր, հինգերորդ աստիճանը կիսասարկավագությունն է, վեցերորդը` սարկավագությունը, յոթերորդը` քահանայությունը, ութերորդը` եպիսկոպոսությունը, իններորդը` կաթողիկոսությունը: Ձեռնադրության խորհուրդը մատակարարելու իրավասություն ունեն եպիսկոպոսության աստիճան ստացած եկեղեցականները:

Ճեմարանի երկրորդ լսարանի սաները սովորաբար ստանում են դպրական աստիճանները, իսկ արդեն հինգերորդ լսարանում ուսանողները ձեռնադրվում են կիսասարկավագ, ապա կես օր անց` սարկավագ: Այս արարողություններն ավանդաբար տեղի են ունենում առաջին մարտիրոս և նախասարկավագ Սբ. Ստեփանոսի տոնի առիթով:

Գործք առաքելոցից տեղեկանում ենք, որ համայնքի հոգևոր կարիքների և սուրբ սեղանի սպասարկության համար Քրիստոսի առաքյալները կանչեցին աշակերտների հոծ բազմություն ու նրանց միջից ընտրեցին բարի համբավ ունեցող յոթ մարդու, որոնց նշանակեցին այդ ծառայությունների համար, իսկ իրենք նվիրվեցին աղոթքին և խոսքի քարոզությանը:

«Սարկավագ» բառը ծագում է հունարեն διάκονος բառից, որ թարգմանվում է «սպասավոր», «ծառայող»: Մեր կարծիքով նպատակահարմար չէ ճեմարանի սաներին ուսումնառության ընթացքում ձեռնադրել սարկավագներ, քանի որ նրանք ի ի վիճակի չեն համատեղելու սարկավագի ծառայությունն ուսման հետ:

Սարկավագներն իրենց գործունեությունը լիարժեք իրականացնելու համար հարկ է առաքվեն թեմեր` ի պետս հավատացյալների հոգևոր կարիքներին ծառայելու եկեղեցական համայնքներում, այլ ոչ թե լծվեն վարչական աշխատանքների` գոհանալով զուտ գրասենյակային պարտականություններով:

Վարչական գործունեության համար բոլորովին էլ պարտադիր չէ հոգևորական ձեռնադրվել. դա կարող են իրականացնել նաեւ աշխարհականները, եթե բավարար չափով վարձատրվեն իրենց աշխատանքի դիմաց:

Ճեմարանականներին սարկավագ ձեռնադրելու մյուս անպատեհությունն այն է, որ համաձայն Հայ եկեղեցու կանոնի` հոգևորականներին ամուսնանալ թույլատրվում է մինչև կիսասարկավագական աստիճանը, իսկ ճեմարանի սաներին արտոնված չէ ամուսնանալ: Աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում պահպանվում է այս կանոնը, որը, ի շարս այլ կանոնների, անտեսվում է մեզանում:

Ստացվում է, որ հոգևորական վերադասը «պարտադրում» է իր ուսանողներին` անգիտակցաբար խախտելու եկեղեցական այս կանոնը: Փոխարենը ճիշտ կլինի, որ ճեմարանի սաներն ստանան միայն դպրական չորս աստիճանները, իսկ սարկավագ ձեռնադրվեն այն թեմերում, որտեղ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը` 25 տարեկան դառնալուց հետո, ինչպես վկայում է Սսի 1243 թ. եկեղեցական ժողովը:

Հաջորդ նորամուծությունը, որ հակառակ է եկեղեցական ավանդությանը, ուրարակրության երևույթն է: Հայ եկեղեցում ուրարակրությունն սկսվում է կիսասարկավագական աստիճանից` ուրարը կրելով ձախ բազկին: Սարկավագները ուրարը կրում են ձախ ուսին, իսկ քահանաները` պարանոցին: Քահանայական ուրարը կոչվում է փորուրար:

Մինչդեռ դպիրներն իրավունք չունեն ուրար կրելու: Ի՞նչ է ստացվում: Ճեմարանի սանի կարգավիճակ ունեցող դպիրի ձախ ուսին եպիսկոպոսն ուրար է գցում, կիսասարկավագական ձեռնադրության ժամանակ ուրարակիր դպիրի ձախ ուսից վերցնում է ուրարը և գցում ձախ բազկին, ապա սարկավագական ձեռնադրության պահին կիսասարկավագի ձախ բազկից ուրարը վերցնում է և նորից գցում է ձախ ուսին: Այսպես եթե շարունակվի, ապա մոտ ապագայում փիլոնակիր սարկավագների «ավանդություն» էլ գուցե ձևավորվի:

Վերոհիշյալ շինծու նորարարության` դպիրների ուրարակրության փոխարեն ճիշտ կլինի վերականգնել կիսասարկավագության աստիճանը, որպեսզի ուրարակիր դպիրների փոխարեն գոնե լինեն ուրարակիր կիսասարկավագներ, որոնք ոչ թե կես օրվա համար ձեռնադրվեն կիսասարկավագ` սարկավագական ձեռնադրության նախօրեի երեկոյից մինչև հաջորդ օրվա սարկավագական ձեռնադրությունը, այլ մի որոշակի ժամանակահատված իրենց հոգևոր սպասավորությունը բերեն` որպես կիսասարկավագներ: Այս բոլոր ձեռնադրությունների համար կարևոր են ոչ միայն ֆիզիկական ու մտավոր հասունությունը, այլև` հոգևոր պատրաստվածությունն ու ժողովրդի բարի վկայությունը:

Հոգևոր պատրաստության տեսանկյունից պարզապես անհամատեղելի են ճեմարանի վեցերորդ և չորրորդ լսարանների սաների պատրաստած ամանորյա կաղանդչեքի միջոցառման ժամանակ հնչող անհամ և անպատշաճ «հումորները», որոնք ավելի շատ հիշեցնում են զազրախոսություն, ծաղր ու վիրավորանք, քան թե տոնական սրամիտ կատակներ:

Այս բոլորը հաճախ զուգակցվում են աշխարհիկ երգերով, անմիտ տեսահոլովակներով, անզուսպ ծիծաղով, որոնք հակասում են վանաբնակ միջավայրերի ոգուն: Սբ. Եզնիկ Կողբացին մինչև անգամ խեղկատակ և զվարճասեր կրոնավորներին համեմատում է գերգեսացի դիվահարների հետ: Առհասարակ, եկեղեցական Հայրերը բացասաբար են արտահայտվում գուսանական երգերի, դիմակահանդեսների, անպարկեշտ պարերի, հեթանոսաշունչ թատրոնի, գինարբուքների և խեղկատակությունների նկատմամբ, հատկապես եթե դրանցով զբաղվում են վանաբնակ ներկա ու ապագա հոգևորականները:

Ճեմարանի սաների հոգևոր մակարդակը բարձրացնելու, նրանց բարոյական նկարագիրը կերտելու գործում մեծ տեղ պետք է հատկացնել հոգևոր կրթությանը նվիրված առանձնացումները որևէ վանական համալիրում, ուր աղոթանվիրումի և ինքնաքննության օրեր անցկացնելով` սաները կվարժվեն աստվածասիրության, ներհայեցողության, սեփական անձը սրբագրելուն և առավել լրջմտություն կդրսևորեն իրենց հոգևոր ծառայությունն իրագործելիս:

Տարվա մեջ գեթ երկու անգամ նմանաբնույթ ամփոփումները խիստ շահեկան կլինեն ճեմարանի հոգևոր մթնոլորտի առկայծման համար, մանավանդ եթե այդ ընթացքում հանդիպեն հոգևոր կյանքով ապրող մարդկանց, նրանց հետ կիսվեն իրենց հարցերով` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Այս իմաստով Մեծ Պահքի շրջանը լավագույն առիթներից մեկը կարող է հանդիսանալ` մի քանի օրով քաշվելու որևէ վանական համալիր և տրվելու հոգևոր ինքնամաքրմանը: Այդպիսի վանական համալիրներ կարող են լինել, ասենք, Տաթևի վանքը, Գնդեվանքը, Գեղարդավանքը, Գանձասարը և այլն:

Ի վերջո, ճեմարանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այստեղից դուրս եկող ամեն մի շրջանավարտ վաղը ներկայացնելու է Հայ եկեղեցին: Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի հայ եկեղեցականից` նրանում ցանկանալով տեսնել իսկական հոգևորականի, սրտացավ հոգևոր հոր, նախանձախնդիր առաջնորդի, քաջարի հովվի, որ մտահոգ է իր կորսված գառների հոգու փրկությամբ և ամեն ջանք ի գործ է դնում` փնտրելու, գտնելու և ուրախանալու իր հոտի կորսված յուրաքանչյուր անդամով:

Այս դեպքում անհամեմատ կնվազեն անաստված բարքերը, տեղի կտան հասարակական ախտերը, կգնահատվեն հոգևոր արժեքները, կհաստատատվեն սերն ու միաբանությունը, կծաղկի ուղղափառությունը, վերջապես` կմեծանա բարոյապես առողջ սերունդ: Մաղթենք, որ Հայ եկեղեցու բարեկարգությունը, որն առաջին հերթին սկսվում է հենց ճեմարանից, ոչ թե կմնա սոսկ երազանք, այլ մի գեղեցիկ օր այն կդառնա շենշող իրականություն:

Եղիա Խաչատրյան
Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

Աղբյուրը՝ religions.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նախորդ յօդուածըՓրկչի մարդեղութեան մասին
Յաջորդ յօդուածըԱնի

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Քրիստոսի միաւորութեան մասին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…Յովհ. Ա 14

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Յարակից նիւթեր