
Երևանի Մատենադարան, ձեռ. 5786, էջ 17ա, Արքունական Աւետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ
«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…
Յովհ. Ա 14
Բանն Աստուած մարդացաւ, «մարմին եղեւ» ու բնակուեց մարդկանց մէջ…
Աստուածային էութիւնն անքննելի, եւ արարչական խորհուրդներն անհասանելի են ոչ միայն հողանիւթ, այլեւ աննիւթ արարածներին: Այսպիսին է նաեւ Բանի մարմնացումն ու Աստուծոյ մարդեղութիւնը՝ «խորհուրդ մեծ եւ սքանչելի»¹:
Աստուած մարդացաւ… Ոչ թէ կարօտ էր մարդացման, այլ Իր անբաւ մարդասիրութիւնից մղուած, որով ստեղծեց զգալի եւ իմանալի աշխարհները, մարդ դարձաւ, հագաւ մարդկային բնութիւն, ընդունեց ծառայի կերպարանք, որպէսզի արարածներս հաղորդակից լինենք Իր անճառելի աստուածութեանը, Ով մեզ խոստացաւ փրկութիւն եւ տուեց յոյսը յաւիտենական կեանքի: Պէտք էր՝ Աստուած խոնարհուէր, որպէսզի մարդը բարձրանար՝ նման Սբ. Աթանասի նշանաւոր մտքի. «Աստուած մարդացաւ, որպէսզի մարդն աստուածանայ»:
Աստուած մարդուն թագ եւ պսակ ստեղծեց ողջ արարչութեան: Նրան պատուեց Իր նմանութեամբ՝ շնորհելով անմահ հոգի, բանական միտք եւ անձնիշխան կամք, որով ազատօրէն ընտրում է բարին կամ չարը: Եւ որովհետեւ մարդն իր ազատութեամբ հետեւեց չարի պատրանքներին, դատապարտուեց Աստուծոյ արդարութիւնից եւ պատժուեց մահուամբ: Ադամի որդիների մէջ չկար այնքան արդար մէկը, ով կարողանար ոտքի կանգնեցնել անկեալ մարդկութեանը: Չկար նաեւ այնքան համարձակ մէկը, ով կարողանար վերացնել դատապարտութեան վճիռը, որով նախաստեղծներն արտաքսուեցին փափկութեան դրախտից:
Սատանան չարախօսում էր, թէ մարդիկ բնութեամբ եւ ոչ թէ ազատ կամքով են մեղանչում: Սրանով նախ մեղադրում էր Աստծուն, թէ ինչո՛ւ մարդկանց մեղսահակ բնութեամբ ստեղծեց, որով հանապազ մեղանչում են: Ու չկար մէկը, որ բռնէր չարախօսի սուտը, քանզի մարդկանց մէջ չգտնուեց անմեղը: Ադամից մինչ Քրիստոս բոլոր մարդիկ դժոխքում գերուած էին չարի կապանքներով: Մարդն իր անհնազանդութեամբ մերկացաւ եօթնարփեան շնորհներից ու տասներկու պարգեւներից: Զրկուելով ու խաւարելով աստուածային գերապայծառ լոյսից՝ իր եւ Արարչի միջեւ անհաշտ թշնամութիւն սերմանեց:
Մահն օրըստօրէ զօրացաւ եւ իսպառ կլանեց մարդկային բնութիւնը: Ոչ ոք չկար, որ կարողանար մահուան կապանքներից խլել մարդկութեանը, քանի որ ամէնքն էլ դարձան մահկանացու, զի «վարձք մեղաց մահ են» (Հռոմ. Զ 23): Մեռան Ադամից բոլոր ծնուածները, հող ու փոշի դարձան՝ համաձայն տէրունական հրամանի, թէ՝ «հող էիր եւ ի հող դարձցիս» (Ծննդ. Գ 19): Եւ ոչ ոք չունէր յոյսը յարութեան: Մեռան ոչ միայն մարմնով, այլ, որ սոսկալին է, նաեւ հոգով: Կին թէ տղամարդ, ծեր թէ մանուկ, հարուստ թէ աղքատ՝ մի խօսքով, բոլորը դարձան մեղքի ստրուկը՝ հնազանդօրէն ծառայելով դրան, ինչպէս ասում է Սուրբ Գիրքը. «Ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամով ի չարիս զամենայն աւուրս» (Ծննդ. Զ 5), նաեւ՝ «Ապականեցաւ երկիր առաջի Աստուծոյ, եւ լցաւ երկիր անիրաւութեամբ» (Ծննդ. Զ 11), եւ թէ՝ «Միտք մարդոյ հաստատեալ են ի խնամս չարի ի մանկութենէ իւրմէ» (Ծննդ. Ը 21): Եւ բնաւ չգիտէին Աստուծոյ արդար դատաստանի մասին…
Առաջին Ադամը մեզ ժառանգութիւն թողեց մարդկային եղծուած ու ապականուած բնութիւն, որը կրեց ամէն մի ադամորդի: Պատուիրանազանցութեամբ նախածնողներն իսկոյն հոգով մեռան. «Յորում աւուր ուտիցէք ի նմանէ, մահու մեռանիցիք» (Ծննդ. Բ 17): Ապա շատ տարիներ անց մեռան նաեւ մարմնով՝ համաձայն արարչական հրամանի, թէ «հող էիր եւ ի հող դարձցիս» (Ծննդ. Գ 19):
Արդ, «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»: Աստուած, որ յոյժ արդար է Իր արարածների նկատմամբ, չկամեցաւ մեղաւորի մահը, այլ՝ մեղքերից նրա դարձն ու ապրելը: Ուստի ծնուեց մարդուց իբրեւ Մարդ եւ արդարացրեց մարդուն իբրեւ Աստուած: «Եւ Բանն մարմին եղեւ», որպէսզի մարմնաւորներիս ազատի անէծքի դատապարտութիւնից՝ անէծք դառնալով մեզ համար: Կատարեալ Աստուած դարձաւ կատարեալ Մարդ՝ «հոգւով եւ մտօք եւ մարմնով»², կրեց մարդկային բոլոր կրքերը՝ բացի մեղքից: Խցեց բանսարկուի ստախօս բերանը, որն ասում էր, թէ մարդիկ բնութեամբ են մեղանչում, ուստի ենթակայ չեն պատժի, քանզի Աստուած նրանց այդպէս է ստեղծել:
Աստուծոյ միածին Որդին Իր անմեղ մարմնով Խաչի վրայ Հօրը մատուցած յաւիտենական Պատարագով եւ Իր անապական մահուամբ պատռեց մահացու մեղքերի պարտամուրհակը: Բանի մարդեղութեա՛մբ միայն Աստուած հաշտուեց մարդու հետ: «Բանն Աստուած անմահ, էառ զմահկանացու բնութիւնս մեր, եւ միաւորեաց ընդ Իւրում աստուածութեանն, եւ մեռեալ անմահն մարմնով, զմահ մեր եբարձ, եւ զանմահութիւն ի մեզ հաստատեաց»³, որպէսզի մեզ՝ մեռածներիս, շնորհի անմահութիւն. «Ո՞ւր է յաղթութիւն քո, մահ. ո՞ւր է խայթոց քո, դժոխք» (Ովսէէ ԺԳ 14): Քանզի «որպէս Ադամաւն ամենեքին մեռանին, նոյնպէս եւ Քրիստոսիւ ամենեքին կենդանասցին» (Ա Կորնթ. ԺԵ 22): Աստուծոյ մարդացումը գծեց մարդու աստուածացման ուղին: Ադամական անկենդան բնութիւնը նորոգուեց Քրիստոսի մահուամբ:
Մահը լինում է երկու տեսակ, այսինքն՝ հոգու եւ մարմնի: Կրկնատեսակ է նաեւ կեանքը: Հոգին բնութեամբ անմահ է, քանզի պատկերակից եւ նմանակից է անմահ Աստծուն: Այլ հոգու մահ կոչւում է մեղքը, որով այն, տարագրուելով Աստծուց, դառնում է մեռեալ: Որովհետեւ ինչպէս հոգին մարմնի կենդանութիւնն է, այնպէս էլ հոգունը՝ Աստուծոյ Հոգին, Որից բաժանւում է մեղքով:
Արդ, Քրիստոս Իր առաջին գալստեամբ կենդանացրեց մարդու հոգին, իսկ երկրորդ գալստեամբ յարութիւն է տալու նաեւ մարմնին: Ուստի «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ», որպէսզի մեզ բնակեցնի Հօր մէջ: Սակայն անպատշաճ էր, որ Հայրը մարմնանար, քանզի անսկիզբ է, այլապէս «յաշխարհս ոչ ոք լինէր անսկիզբն»⁴: Իսկ եթէ մարմնանար Սուրբ Հոգին, ապա կը ստացուէր երկու Որդի: Այլ «Բա՛նն մարմին եղեւ», եւ աստուածութեան երեք անձերը մնացին անշփոթ:
Աստուծոյ միակ Որդին ժամանակների լրումին իջաւ Սբ. Կոյս Մարիամի ամենամաքուր արգանդը: Այնտեղ ժուժկալելով ինն ամիս եւ հինգ օր՝ վերցրեց նրա անարատ արիւնից եւ «միաւորեաց ընդ Իւրում Աստուածութեանն»⁵: Եւ «Բանն մարմին եղեւ»՝ հոգով, մտքով եւ մարմնով՝ «մի անձն, մի դէմ եւ միաւորեալ մի բնութիւն»⁶: Աստուած մարդացաւ անփոփոխ եւ անայլալ կերպով՝ «անսերմն յղութիւն եւ անապական ծնունդ»⁷: Եւ քանի որ մարմնով ծնուածն Աստուած է, հետեւաբար Մարիամն աստուածածին է՝ մնալով միշտ Սուրբ Կոյս:
________________________________________
¹ Շարակնոց, Էջմիածին, 1999, էջ 22:
² Ժամագիրք Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, Նիւ Եօրք, 1986, էջ 6 (այսուհետ՝ Ժամագիրք):
³ Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, Կ. Պօլիս, 1740, էջ 36:
⁴ Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 75:
⁵ Ժամագիրք, էջ 6:
⁶ Նոյն տեղում:
⁷ Նոյն տեղում: