«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Ճեմարանի տեսչական կազմը և նրա հարաբերությունները ուսանողության հետ

Նոր ուսումնական տարվա մեկնարկ Գևորգյան ճեմարանում
Նոր ուսումնական տարվա մեկնարկ Գևորգյան ճեմարանում

Սկիզբը՝ այստեղ

Ինչպես ցանկացած հանրակրթական հաստատություն (դպրոց, վարժարան, համալսարան), հոգևոր-կրթական հաստատությունները ևս օժտված են թե՛ մանկավարժական և թե՛ տնօրենության կազմով: Եկեղեցական բառամթերքով հոգևոր ճեմարանի կամ դպրեվանքի տնօրենը կոչվում է տեսուչ, փոխտնօրենը` փոխտեսուչ, որը միաժամանակ կարող է ստանձնել ուսմասվարի պարտականությունները: Տեսչական կազմի մեջ են մտնում նաև վերակացուները, որոնք թեև կոչված են ճեմարանում հոգևոր դաստիարակներ լինելուն, բայց առավելաբար իրականացնում են հսկիչի, չասելու համար` ոստիկանի գործառույթներ` ուշադրություն դարձնելով և հսկելով ճեմարանի արտաքին կարգապահությանը (ներկայություն դասերին, ֆիզիկական մասնակցություն ծիսական արարողություններին, ճեմարանականների քայլերթի կանոնավորություն, ճեմարանական առօրյայի կազմակերպում և այլն):

Ինչպես գիտենք, հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է: Ուսումնառության ընթացքում ճեմարանի տեսչությունը պարտավորվում է հոգ տանել ուսանողների ուսումնական, կենցաղային բոլոր ծախսերը` նրանց տրամադրելով ննջասենյակներ, ապահովելով օրական երեք անգամյա սնունդով, հարկ եղած դեպքում մատուցելով նաև բժշկական ծառայություններ (հետազոտություն, դեղորայք, բուժում, ընդհուպ մինչև` վիրահատություն): Ճեմարանում գործում է նաև հարուստ գրադարան, որից բոլոր ուսանողներն իրավունք ունեն օգտվելու: Ավելի բարձր լսարանների սաների համար մատչելի են նաև մատենադարանների գրքերը, հնատիպ հրատարակություններն ու ձեռագիր ֆոնդերը` ավարտաճառերի և այլ գիտական ուսումնասիրությունների համար: Մի խոսքով` ճեմարանի սաների համար բոլոր նյութական բարիքներն ու հնարավորությունները լիուլի ապահովված են` ուսանողական կյանքն արդյունավետ կազմակերպելու համար: Սակայն այս ամենի մեջ կա մի անշրջանցելի պարապություն, առանց որի հոգևոր ճեմարանի առաքելությունը դառնում է թերի և անպտուղ: Խոսքը վերաբերում է ճեմարանի հոգևոր կյանքին:

Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ քրիստոնեությունը ոչ թե սոսկ գաղափարախոսություն է, այլ ուղղադավան հավատքից բխող կենսակերպ: Հենց սրանով էլ կրոնը զատորոշվում է իմաստասիրությունից («կրոն» բառը հայերենում առաջ է եկել «կրել» բայից): Հոգևոր կենցաղ որդեգրելու համար նախ և առաջ անհրաժեշտ է դավանել ուղղափառ հավատք, ունենալ հոգևոր սկզբունքներ և արժեքներ: Առանց այս գիտակցության անհնար է հրաժարվել հին` մեղանչական կենցաղից և պայծառակերպվել Քրիստոսով: Այս մասին դիպուկ է խոսում Պողոս առաքյալը. «Արդ, այս բանն եմ ասում և վկայում Տիրոջով. դուք այլևս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, և իրենք օտարացած են Աստծու կյանքից` իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետևանքն է: Նրանք իրենց հույսը կտրեցին և ագահությամբ անձնատուր եղան անառակության և ամեն տեսակ պիղծ գործերի: Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին. թեպետև լսել եք նրա մասին և սովորել նրանից, թե Հիսուսի մեջ է ճշմարտությունը. հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ: Ուստի դե՛ն գցեցեք ստախոսությունը. յուրաքանչյուրը թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը, որովհետև միմյանց անդամներ ենք: Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք. արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի. և սատանային տեղի մի՛ տվեք: Ով գողանում էր, այլևս թող չգողանա, այլ մանավանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մեջ է: Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է: Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար: Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզնից` իրենց չարությամբ հանդերձ: Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած` ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփես. 4:17-32):

Ինչ խոսք, սրբազան առաքյալի հորդորը հոգևոր կյանքի մասին չի վերաբերում միայն պարզ հավատացյալներին, այլ ավելիով այն հասցեագրված է հոգևորականներիս, մանավանդ նրանց, ովքեր հանձն են առել եկեղեցականների նոր սերնդի պատրաստության ահռելի պատասխանատվությունը: Այս իմաստով, ճեմարանի ուսանողը, ով ուսումնառության վեցամյա շրջանում ամբարում է զանազան գիտելիքներ ինչպես հումանիտար, այնպես էլ կրոնական առարկաներից, եթե չկերտվի նախ որպես քրիստոնյա և ապա չձևավորվի որպես հոգևորական, առ ոչինչ կհամարվեն նրա ստացած գիտելիքների պաշարները` դրանք հավասարեցվելով զրոյի: Կասկածից վեր է, որ հոգևոր կոչվող կրթական հաստատություններում պետք է տիրապետող լինի բոլորովին այլ` հոգևոր միջավայր, ինչն ուղղակիորեն կապված է նրանց հոգևոր առաքելության հետ: Սակայն ինքնիրեն չի կարող գոյանալ այդ հոգևոր միջավայրը, եթե այնտեղի ղեկավարությունն առաջին հերթին ինքը չլինի դրա կրողը և ջանք չթափի ճեմարանի ուսանողների հոգևոր նկարագրի կերտման կարևորագույն և բծախնդիր աշխատանքում:

Պարզից էլ պարզ է, որ ճեմարանում ուսանողը ընդօրինակում է այն, ինչ տեսնում է: Ամենաազդու քարոզը և բարոյական խրատը սեփական օրինակով վկայությունն է: Ճեմարանի տեսչության անդամների ընտրությունը, այս իմաստով, չափազանց կարևոր է սաների նկարագրի ձևավորման բնականոն վիճակի համար: Այստեղ առաջին պատասխանատվությունն ընկնում է այն անձի վրա, ով որոշում և նշանակում է ճեմարանի տեսչության կազմը: Որպես կանոն, ճեմարանի տեսչի բնութագրական հատկանիշները պետք է լինեն ուղղափառ հավատքի դավանությունը (սա առհասարակ բոլոր հոգևորականների համար է պարտադիր), հայրական հոգատարությունը, պարտքի և պատասխանատվության զգացումը, ազնվությունը, բարեկրթությունը, ճշտապահությունը, խստապահանջությունը, բարեխիղճ մոտեցումը, հոգևոր կյանքի նկատմամբ սերը, անկողմնակալությունը, մեծահոգությունը, սիրելու և ներելու կարողությունը, մանկավարժական հմտությունները, դաստիարակիչ մեթոդներին տիրապետելը, բազմակողմանի զարգացած և ուսյալ լինելը, ներկայանալի կեցվածք և ազդեցիկ պահվածք ունենալը, համբերատարությունը, հեզահամբույր բնավորությունը, անոխակալությունը, գթասրտությունը և նմանատիպ այլ առաքինություններ: Ուրիշ խոսքով` ճեմարանի տեսուչը պետք է լինի հոգևորականի տիպար, որին ճեմարանականները` որպես ապագա հոգևորականներ, պիտի ձգտեն նմանվելու:

Դժվար է պատկերացնել, որ եթե ճեմարանի տեսուչ նշանակված լինի մեկը, ով իրենում մարմնավորում է վերը թվարկված բարեմասնությունների հակապատկերը, ինչպիսի՜ հոգևորականների սերունդ կարող է պատրաստվել: Բնականաբար, տեսուչն իրեն գործակիցներ է ունենում փոխտեսչին և վերակացուներին, որոնք ոչ պակաս առաքինություններով պետք է օժտված լինել` որպես ճեմարանի հոգևոր նկարագրի պատասխանատուներ: Ճեմարանում ուսանելու եկած տղաները պարտադիր է, որ ստացած լինեն ընտանեկան դաստիարակություն: Փորձը ցույց է տվել, որ փողոցային բարքերով և «գողական» մտածելակերպով հասակ առած տղաներն այդպես էլ չեն շտկվում ճեմարանական ուսումնառության տարիներին, հատկապես որ նրանց հետ հոգևոր դաստիարակչական մարզում զբաղվող էլ չկա: Ավելին` նրանք համաճարակի պես վարակում են մյուս տղաներին իրենց նիստուկացով, մտածելակերպով և հոգեբանությամբ` փողոցը տեղափոխելով ճեմարան և տղայական հաշվեհարդարներով փորձելով գերիշխանություն կամ «թաղային հեղինակություն» հաստատել իրենց դասընկերների նկատմամբ: Վա՜յ այն հաստատությանը, եթե այսպիսի պատահական և աննկարագիր սաներին ծածուկ կամ բացահայտ սկսի հովանավորել տեսչությունը` խրախուսելով նրանց ճեմարանականին անհարիր, գռեհիկ ու ոչ քրիստոնեավայել պահվածքը` ի գին ինչ-ինչ անձնական գծուծ հաշիվների:

Հարկ է նշել, որ ճեմարանի գործունեության վրա խիստ բացասաբար է ազդում «ծանոթ-խնամի-բարեկամ» հայտնի սկզբունքը, որի հետևանքով մի տեսակ առտնին միջավայր է կազմավորվում, ինչը որոշակիորեն պատճառ է դառնում այդօրինակ սաների շփացման համար` հենց տեսչության մեղքով: Չի բացառվում, որ շատ եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, Մայր Աթոռի պաշտոնյաների, դասախոսների, ինչու չէ, նաև տեսչական անդամների ազգականները, մտերիմները, հարևանները որոշեն ընդունվել ճեմարան: Սա նշանակում է, որ նրանք արդեն իսկ իրենց արտոնյալ և ապահովագրված պիտի զգան` կռթնելով իրենց ծանոթ հովանավորների մեջքին: Եվ ամեն անգամ, երբ այդ ուսանողներն իրենց դուրս դնեն ճեմարանականի կերպարից, թերանան ուսման մեջ, ապա մտահոգվելու բան չունեն, քանի որ իրենց հովանավորները հարկ եղած դեպքում կմիջամտեն, և հարցը «ոտքի վրա» կփակվի: Այսպիսի երևույթները պարզապես կործանարար կարող են լինել հոգևոր ճեմարանի առաքելության համար: Պատկերացնո՞ւմ եք մնացյալ սաների հոգեվիճակը, որոնք ականատես են լինում, թե ինչպե՛ս մի քանի «լավ տղաներ» կարողանում են ճարպիկ գտնվել և իրենց հարցերը ժամանակին լուծել: Այս վարակը շատերին կստիպի մտածել, որ իրենք էլ կարող են ներկայանալ նրանց պես, ասել է, թե` «լավ տղա» երևալ, որպեսզի վաղը-մյուս օրը հասնեն նմանատիպ «հաջողությունների»: Ի՞նչ հավատք, ի՞նչ հոգևոր կյանք, կարևորը քծնել վերադասին, սողալ տեսչության առաջ, որպեսզի իրենց լավ աչքով նայեն:

Եթե այս ախտերին հանկարծ ավելանան որոշ ուսանողների մատուցած «ծառայությունները»` մատնությունները, սա արդեն ոչ միայն տեսչության համար կլինի վարկաբեկիչ, այլև ուսանողների փոխհարաբերություններում կստեղծի անառողջ, գուցե և` թշնամական մթնոլորտ, որն իր հետագա շարունակությունը կունենա նաև ճեմարանն ավարտելուց հետո: Ճեմարանի տեսչությունը հնարավորինս հավասարակշռված և խոհեմ պետք է լինի իր քայլերում` բացառելու այսպիսի վնասաբեր և խոտելի երևույթների ներթափանցումը ճեմարանական կյանքից ներս: Ճեմարանի տեսուչը պետք է լինի անաչառ իր որոշումներում և արդարադատ` ի հարկին պատժամիջոցներ ձեռնարկելիս: Բոլոր սաների կողմից սպասելի է, որ տեսուչը հոգևոր հայր և հոգևորականի տիպար լինի, որը ոչ թե վախեցնում է տեսակ-տեսակ պատիժներով և ինքնագլուխ հեռացումներով, այլ ամեն ճիգ գործադրում է` ի բարին փոխելու ուսանողների առօրյան, հոգևոր ներաշխարհը, կերտելով նրանց հոգևոր նկարագիրը` երբեմն խրատելով, երբեմն պահանջելով, երբեմն համբերելով, երբեմն պատժելով, բայց միշտ սիրով, քաղցրությամբ, բարի օրինակ լինելով:

Ճեմարանում տեսչություն-ուսանողություն հարաբերություններում թիվ մեկ խոչընդոտը սաների տածած անհաղթահարելի վախն է ու փոխադարձ անվստահությունը: Եթե տեսչությունը պետք է անկեղծ չլինի ուսանողների հետ, իսկ ուսանողներն էլ պետք է շարունակ խաբեն տեսչությանը, ապա որևէ համագործակցություն այսպիսի պայմաններում դատապարտված է չորացման: Համագործակցության բացակայության դեպքում էլ գործելու է հանրահայտ «տերթոդիկյան» մեթոդը` միայն այն տարբերությամբ, որ Տեր Թոդիկի ծեծին այժմ փոխարինելու է գալիս ճեմարանից հեռացումը: «Մեկ-երկուսին հեռացնելով` մյուսների աչքը է՛լ ավելի կվախենա, ինչն էլ կնպաստի ճեմարանում կարգապահության որակի բարձրացմանը»,- մտքում կարող է կրկնել ճեմարանի տեսուչը: Միայն թե այդ մեկ-երկուսը պիտի չլինեն հովանավոր ունեցող ուսանողները, որոնք ազգական են այս կամ այն հոգևորականին: Խե՜ղճ անպաշտպան ուսանողներ, այսքանից հետո նրանցում ինչպե՞ս չի կոտրվի այն հոգևոր խանդը, որը նրանց դրդել էր ճեմարանի սան դառնալու: Այս մեթոդով, տևական վախի ներշնչումով, դաժանության օրինակ հանդիսանալով, տեսչություն-ուսանողություն պատնեշով ճեմարանում անխուսափելիորեն կձևավորվի մի այնպիսի բռնապետական համակարգ, որի առկայությամբ այլևս հոգևոր մթնոլորտի մասին խոսելն իսկ ավելորդ կդառնա` իր տեղը զիջելով մարդկային տարատեսակ արատներին:

Ինչպես գրում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը, «սպառնալիքը չի՛ պատշաճիր կրօնականին…, որմէ կ’ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ… Ինչպէս որ գեղեցիկ բնութիւնը կարիք ունի ազատ շունչի ու լոյսի, մինչ փակ եւ մութ տեղերու մէջ անոր կեանքը կը դառնայ վատառողջ եւ հետեւաբար անշնչելի ու սահմանափակ, նոյնն է պարագան նաեւ ընկերային կեանքին, կազմակերպութիւններուն եւ կրօնական հաստատութիւններուն»: Նույնն է պարագան նաև հոգևոր-կրթական հաստատությունների: Այնպես պետք է աշխատել, որ ճեմարանի ուսանողը չնկատի իր ընտանիքի հեռավորությունը, այլ իրեն զգա ինչպես իր երկրորդ տանը, որտեղ իր լսարանակից եղբայրների և տեսչության անդամների հետ կստեղծվի մի նոր հոգևոր ընտանիք: Եթե ստացվի այս մակարդակին հասնել, ապա կարելի է ասել, որ հոգևոր ճեմարանի առաքելությունը հուսալի և ապահով է:

Շարունակելի

Եղիա Խաչատրյան
Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

Աղբյուրը՝ hetq.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Հին ուխտի տապանակի հիշատակը և Նոր ուխտի սուրբ եկեղեցու տոնը

«Որ ի սկզբանէ իմաստութեամբ հաստատեցեր զեկեղեցի Հօր իմաստութիւն, զոր նախանկար տեսութեամբ նշանակեաց Մովսէս խորանաւն երկնահանգոյն ի...

Ի՞նչ է միւռոնին խորհուրդը եւ բաղադրութիւնը

Սկիզբը՝ այստեղ Ա. Սրբալոյս Միւռոնը մարդկային մեղաւոր հոգիները փրկութեան...

Յարակից նիւթեր