Սկիզբը՝ այստեղ
Սուտ խոստումներ տալով հանդերձ՝ Հովսեփ Արղությանը, որ ռուսաց արխիվներում հիշատակվում է որպես Արգուտինսկի, չէր մոռանում, որ աչքադրած տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը, այնուամենայնիվ, նեցուկ պիտի ունենա, և այդ նեցուկը կարող էր լինել կաթողիկոսական աթոռին իրեն բազմեցնելու հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը: Եվ Արղությանը հորդորում է Կ. Պոլսի պատրիարքին, որ նա հօգուտ իր թեկնածության համակամություն սերմանի Թուրքիայի մայրաքաղաքի հայ բնակչության մեջ: Սակայն Կ. Պոլսում Արղությանի թեկնածությունը հավանության չի արժանանում: Քաղաքի հայությունը չէր ուզում, որ Դանիել պատրիարքը թողնի իր պաշտոնը: Կ. Պոլսի մեծահարուստ հայերի՝ ամիրաների ժողովը, նկատի ունենալով Օսմանյան կառավարության դիրքորոշումը, կաթողիկոս է ընտրում Նիկոմեդիայի Բարդուղիմեոս եպիսկոպոսին: Քանի որ կային կաթողիկոսական աթոռին հավակնող այլ փառամոլ հոգևորականներ, սկսվում է մրցակցություն: Փառամոլ հավակնորդներից մեկն էլ Էջմիածնի Գալուստ եպիսկոպոսն է եղել:

Տարբեր խմբեր սկսում են պայքարն իրար դեմ, գրգռում են ժողովրդին, իրենց ցանկալի թեկնածուին կաթողիկոս դարձնելու համար թուրք պաշտոնյաներին կաշառքներ են խոստանում: Ի վերջո, փոխզիջումային որոշում է կայացվում, համաձայն որի՝ Դանիել պատրիարքն ընդունում է կաթողիկոսի պաշտոնը, իսկ Դավիթ արքեպիսկոպոս Ղորղանյանը դառնում է Կ. Պոլսի պատրիարք: Բայց այս որոշումը որոշակի շրջանակներ չեն ընդունում, ու խռովություններ են սկսվում: Գալուստ եպիսկոպոսը եկեղեցում թույլ չի տալիս, որ Դավիթ Ղորղանյանը նստի պատրիարքական աթոռին, և ժողովուրդը Գալուստին դուրս է վռնդում եկեղեցուց: Սկսվում են անկարգություններ, և իշխանությունները ստիպված են լինում միջամտել:
Տեսնելով, որ իր օգտին ժողովրդական համաձայնություն չի կայանում, վիրավորված Արղությանն սկսում է գործել Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ: Կ. Պոլսի դեպքերին նախորդող ժամանակաշրջանում, պատրվակ դարձնելով այն հանգամանքը, որ ընտրական ցուցակում հանդիպող Դանիելի անունից հետո մտցված է նաև իր անունը, Արղությանն Էջնիածնում իրեն տեղապահ է կարգում Մինաս արքեպիսկոպոսին և նրան հանձնարարում կառավարել վանքի տնտեսությունը մինչև իր՝ Էջմիածին ժամանելը: Տեղեկանալով, թե ինչ տրամադրություն է տիրում Կ. Պոլսում, նա կտրականապես հայտարարում է, թե ինքը ոչ ոքի չի ընդունում կաթողիկոս, և հանձնարարում է հայտնել Դանիելին, որ չգնա Էջմիածին, իսկ եթե արդեն ճանապարհին է, վերադառնա իր տեղը:
Միահեծանության տենդով համակված այս վայ-հոգևորականն իր խրոխտ վճիռներն ուղեկցում է սպառնալիքներով, թե ազգի մեջ հրդեհ կբռնկվի, թե իրեն անտեսելը խառնակությունների ու դժբախտությունների դուռ կբանա: Այս հարցում նա իրավացի է, որովհետև երբ հայոց ներքին գործերին միջամտել է Ռուսաստանի դրածո գործակալը, անպայման նվազագույնը խառնակություն է տեղի ունեցել: Ռուսաստանի քաղաքականությունը, որի իրականացմանը լծված էր Արղությանը, այն էր, որ առանց Ռուսաստանի կայսեր հավանության Էջմիածնում կաթողիկոս չի կարող լինել:
Առաջին անգամ էր, որ Էջմիածնի կաթողիկոսի ընտրության գործում, բացի Թուրքիայից ու Պարսկաստանից, վճռական ձայն էր ստանում նաև Ռուսաստանը: Եվ Ռուսաստանն իր այս քաղաքական սկզբունքն ամենայն եռանդով սկսում է պաշտպանել: Ռուսաստանի կառավարությունը կարգադրում է Գեորգի թագավորին և Վրաստանում գտնվող ռուսական զորամասի հրամանատար Կովալևսկուն, որ եթե Հովսեփի փոխարեն մեկ ուրիշն ընտրվի կաթողիկոս, պիտի թույլ չտան, որ նա մուտք գործի Էջմիածին և այնտեղ օծվի:
Մարտի 23-ին Արղությանը նամակ է գրում Դանիել պատրիարքին՝ «ապացուցելով», որ միայն ինքն իրավունք ունի լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև ինքը Գրիգոր Լուսավորչի տոհմից է, և հորդորում է զուր խռովություններ չհարուցել: Ապրիլին Արղությանն իր ձեռնասուն Կարապետ վարդապետին ուղարկում է Կ. Պոլիս՝ նրան հրահանգելով բացատրել այնտեղի հայերին, թե Դանիելն իր պատրիարքության ընթացքում որևէ օգտակար աշխատանք չի կատարել և իրավունք չունի կաթողիկոսության հավակնել, քանի որ կաթողիկոս լինելուն միայն ինքն է արժանի:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել էր, թե Կ. Պոլսի հայերը 40 քսակ կաշառք են տվել մեծ վեզիրին և այդպիսով գլուխ են բերել իրենց նպատակը: Հովսեփին վրդովեցրել էր հատկապես այս հանգամանքը, և նա Կարապետ վարդապետին հանձնարարել էր համոզել պատրիարքին, որպեսզի նա հնազանդվի իրեն՝ որպես կաթողիկոսի: Կարապետին տրված նամակի վերջում նա ստորագրել էր «կաթողիկոս»:
Երբ, այնուամենայնիվ, ի մեծ ցավ Արղությանի՝ հայտնի է դառնում, որ Ռուսաստանի թեկնածուի կողմնակիցները վերջնականապես պարտվել են Կ. Պոլսում, մինչ այդ սպասողական դիրք բռնած և միայն հայերի միջոցով գործող ռուսական իշխանությունը հանդես է գալիս Թուրքիային ուղղված կտրական պահանջներով: Ռուսաստանն իր շահերին հակասող է համարում Դանիելի՝ կաթողիկոս դառնալը, որովհետև Արղությանը նրա մասին վկայել էր, թե նա բավականաչափ նվիրված չէ Ռուսաստանի շահերին: Կայսր Պավելի հրամանով Ռուսաստանի դեսպանը Բարձր Դռանն առաջարկում է արգելել Դանիելի մեկնումը Էջմիածին: Դեսպանը նաև հայտարարում է, թե կայսր Պավելի համար շատ հաճելի կլինի, եթե Թուրքիայի կառավարությունը դադարեցնի վեճերը Կ. Պոլսի հայերի միջև և մայրաքաղաքի բոլոր հայերին համոզի կաթողիկոս ճանաչել Հովսեփ արքեպիսկոպոսին:
Այդ ժամանակաշրջանում Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ էր և չէր կարող անտեսել ցարի ցանկությունը: Թուրքիայի ռեյս էֆենդին (արտաքին գործերի նախարար), ստանալով սուլթան Սելիմի համաձայնությունը, Ռուսաստանի դեսպանության պաշտոնյային ասում է. «Հովսեփ արքեպիսկոպոսն այստեղի հայ հասարակության կողմից կընտրվի Էջմիածնի կաթողիկոս, և ձեր դեսպանն այս մասին կարող է հենց հիմա զեկույց ուղարկել նորին մեծությանը»:
Իր խոստումն իրագործելու համար Թուրքիայի կառավարությունը բանտարկում է խռովության պարագլուխներին, Դանիել պատրիարքին ու կաթողիկոսական մյուս թեկնածու Գալուստ եպիսկոպոսին էլ արտաքսում է Կ. Պոլսից, իսկ Դավթին ուղարկում է Էջմիածին՝ նրա ձեռքը տալով սուլթանական ֆերմանը (հրովարտակ), որով կաթողիկոս էր հաստատվում Արղությանը:
Դանիել պատրիարքը մայիսի 16-ին հասնում է իր աքսորավայրը՝ Տենեդոս կղզի, բայց շուտով հրաման է ստանում գնալ Թոխաթ: Այս կապակցությամբ Ռուսաստանի դեսպանն Արղությանի բարեկամներին հաղթական պարծենկոտությամբ տեղեկացնում է. «Դանիել պատրիարքն այժմ ձեզ ողջունում է Տենեդոսից, ուր աքսորվել է»: Կ. Պոլսի պատրիարք է նշանակվում Արղությանի կողմնակիցներից մեկը՝ Հովհաննես եպիսկոպոսը, և հուլիսի 14-ից նոր պատրիարքի հրամանով Կ. Պոլսի եկեղեցիներում սկսում են հիշատակել Հովսեփի անունը՝ որպես կաթողիկոսի:
Ռուսաստանի քաղաքականությունը հաղթել էր, և Արղությանն սկսում է կաթողիկոսական իր իրավունքները գործի դնել: Գրում է կոնդակներ և ուղևորվում Աստրախան, որպեսզի այնտեղից նախապատրաստվի գնալ Էջմիածին: Այստեղից նա դիմումներ է հղում ցարին՝ խնդրելով իրեն ռոճիկ նշանակել այն անձնվեր ծառայությունների համար, որ մատուցել էր Ռուսաստանին, խնդրում է իրեն շնորհել Սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշան, սահմանագլխի ռուս իշխանավորների հետ հարաբերությունների վերաբերյալ հրահանգներ տալ: Նա նույնիսկ խնդրում է, որ Ռուսաստանի կառավարությունը Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կողմից նշանակված ներկայացուցիչներին (վեքիլներ) օտար պետությունների ներկայացուցիչների հետ իրավահավասար ճանաչի:
Կայսր Պավելը հրամայում է Հովսեփին ընդամենը հազար ռուբլի տալ` ուղևորակառք գնելու համար և 25 արշին դիպակ` կաթողիկոսական զգեստի համար: Կայսրը նրան նոր ռոճիկ չի նշանակվում, որի փոխարեն հրամայում է Հովսեփին ցմահ վճարել այն ռոճիկը, որն ստանում էր Ռուսաստանում: Կայսրը նաև Կովկասյան բանակի հրամանատար Կնորինգին հանձնարարում է նոր կաթողիկոսին Աստրախանից Էջմիածին ապահովությամբ ճանապարհել: Հովսեփը շհորհակալ էր այդքանից՝ միայն ափսոսալով, որ չէր ստանում իր խնդրած շքանշանը: Արղությանը Ռուսատանի կայսրին իր անհուն երախտագիտությունն արտահայտել է 1800 թվականի նոյեմբերի 14-ին կազմած գրությամբ, որտեղ խոստովանել է, որ կայսրն է իրեն կաթողիկոս դարձրել:
Շատ շուտով Պարսկաստանը ցույց է տալիս, թե որքա՜ն անզոր պիտի լինի ռուսական ահռելի ուժի վրա հույս դրած ու ռուսական խոստումներով ոգևորված կաթողիկոսը: 1800 թվականի ամռանը պարսկական բանակը պաշարում է Երևանը և ուզում է արշավել դեպի Թիֆլիս: Ամբողջ Արարատյան դաշտն ու նաև Էջմիածինը ենթարկվում են թալանի և կողոպուտի: Նորանշանակ կաթողիկոսին այդ մասին լուրը շուտ է հասնում, և նա ստիպված է լինում աղերսագիր ուղարկել պարսից շահին ու դժբախտության մասին տեղեկացնել Ռուսաստանի իշխանությանը:
Արղությանը չի հասցնում վայելել կաթողիկոսական պաշտոնը: Աստրախանից հազիվ հասնում է Թիֆլիս ու այնտեղ էլ 1801 թ. մարտի 9-ին վախճանվում: Էջմիածնի միաբանությունը, Երևանի սարդարի գործուն միջամտությամբ, ապրիլի 28-ին կաթողիկոս է ընտրում Դավիթ արքեպիսկոպոսին: Արղությանի հետևորդ ռուսասեր հոգևորականները 1802 թվականի մայիսի 28-ին Բագրևանդի գավառի Ուչքիլիսի վանքում կաթողիկոս են օծում Դանիել արքեպիսկոպոսին: Դրանից հետո սկսվում է «Դավիթ-Դանիելյան» կռիվը:
Մինչև 1807 թվականի ապրիլը Էջմիածնում կաթողիկոս էր Դավիթը, իսկ Դանիելը՝ որպես գերի, պահվում էր Մարաղայում: Ռուսական, պարսկական և թուրքական կառավարությունները չեն հապաղում իրենց շահերին ծառայեցնել այս կռիվը: Միջամտելով Էջմիածնի կաթողիկոսական ներքին գործերին՝ նրանցից յուրաքանչյուրն աշխատել է այն օգտագործել՝ իր ազդեցությունը Հայաստանում ամրապնդելու համար: Դանիելը և նրա համախոհները Հայաստանը Ռուսաստանին միացնելու ջերմեռանդ կողմնակիցներ էին, իսկ Դավիթն ու իր համախոհները Պարսկաստանի և Թուրքիայի կողմնակիցներ էին:
Երբ ռուսական կառավարությանը հայտնի են դառնում Դավթի դիքորոշումն ու գործողությունները, անմիջապես Դանիելի թիկունքին է կանգնում: Արդյունքում` գեներալ Ցիցիանովը Երևանի Մահմադ խանից պահանջում է Էջմիածնի կաթողիկոս ճանաչելԴանիելին, իսկ Դավթին ուղարկել Թիֆլիս: Խանը մերժում է Ցիցիանովի պահանջը, ինչն էլ Կովկասում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությանը առիթ է տալիս 1804 թվականի գարնանը արշավանք սկսել Երևանի վրա:
1807 թվականի ապրիլին, ռուսական կառավարության միջամտությամբ, Էջմիածնի կաթողիկոսական գահը հանձնվում է Դանիելին: 1808 թվականի հոկտեմբերի 9-ին Դանիելը մահանում է, և 1809 թվին կաթողիկոս է ընտրվում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը` Եփրեմ արքեպիսկոպոսը: Արղությանը չկար, բայց նրան վստահված գործը հիմնականում արված էր. Էջմիածնի աթոռն այլևս Ռուսաստանինն էր, իսկ Հայոց եկեղեցին` նրա հլու կամակատարը: Պավելը թերագնահատել էր իր ստրուկի ծառայությունները. Արղությանը ոչ միայն Սբ. Աննայի, այլև առավել բարձր հարգի շքանշանների էր արժանի:
Համլետ Մելիքյան