
1799 թվականի դեկտեմբերի 28-ին Էջմիածնում վախճանված ծեր ու հիվանդ Ղուկաս կաթողիկոսի հաջորդի ընտրության հարցը դեռևս նրա մահվանից առաջ էր դարձել քննության առարկա:
Կաթողիկոսական գահի ամենահավանական թեկնածուներից էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը: Ղուկաս կաթողիկոսի մահից դեռ երկու տարի առաջ նա սկսել էր նախապատրաստվել այդ բարձր պաշտոնն ստանձնելուն: Իսկ նախապատրաստական աշխատանքների կենտրոնատեղին Թիֆլիսն էր, որովհետև այստեղ էին Արղությանի ազդեցիկ ազգականները, ով վրաց արքունիքում մեծ հեղինակություն ուներ: Գեորգի թագավորը և նրա արքունիքի հայազգի մեծամեծերը շարունակ գրում էին նրան, թե ցանկանում են նրան տեսնել հայոց հաջորդ կաթողիկոս:
Հովսեփ Արղությանին խորհուրդ են տալիս Պետերբուրգից գալ Ռուսաստանի հարավ, մոտենալ կովկասյան սահմաններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում, այսինքն` երբ վախճանվի Ղուկասը, հնարավորինս արագ հասնի Էջմիածին ու տիրի կաթողիկոսական գահին: Բայց Հովսեփը վրաց թագավորի ու հայ մեծամեծերի խորհուրդներն անտեսում է ու մնում Պետերբուրգում, որովհետև համոզված էր, որ ռուսական կառավարության միջոցով կկարողանար իրագործել իր ձգտումը:
Ղուկասի մահից երկու օր անց Էջմիածնի Մայր տաճարում նոր կաթողիկոսի ընտրության ժողով է գումարվում: Ընտրողներն էին Էջմիածնի միաբանները, Երևանի մելիքներն ու ազդեցիկ աղաները, բայց այդ ժամանակներում վճռական խոսքը վերապահված էր Կոստանդնուպոլսի հոգևորականությանն ու հայ ամիրաներին:
Այդուհանդերձ, Էջմիածնի ընտրական ժողովի մասնակիցների մեջ Հովսեփ Արղությանի կողմնակիցները շատ քիչ էին ու աննշան: Միակ նշանավորը եղել է թիֆլիսեցի Դավիթ արքեպիսկոպոս Ղորղանյանը: Սա մի փառասեր անձնավորություն էր, որին հոգևորականները չէին սիրում: Բայց սրա ուժն ու ազդեցությունը զորեղ էր այնքանով, որ Երևանի շատ ազդեցիկ մելիքներից մեկը` Աբրահամը, նրա եղբոր աներն էր:
Ղուկաս կաթողիկոսի մահվանից մեկ ամիս առաջ Արղությանին հայտնելով ծերունի կաթողիկոսի մոտալուտ վախճանման մասին` Դավիթ արքեպիսկոպոսը Էջմիածնի գահին հենց նրան տեսնելու իր և ուրիշների ջերմ ցանկությունն էր հայտնել: Այնուամենայնիվ, Էջմիածնի ժողովն առաջին օրը չի կարողանում թեկնածուներ առաջադրել: Մեծամասնությունը տրամադրված է եղել՝ ընտրելու Կ. Պոլսի Դանիել պատրիարքին, բայց կարծիքներ են հնչել, որ քանի որ նա նոր է պատրիարքական պաշտոնն ստանձնել, ուստի շատ հավանական է, որ պոլսեցիները նրան բաց չթողնեն:
Կաթողիկոսի պաշտոնում առաջադրվում է նաև Հովսեփ Արղությանի թեկնածությունը, սակայն նրա ընտրության դեմ մի շարք հիմնավոր առարկություններ են լինում: Առարկողները պնդում էին, թե նրա ընտրությունն աղետաբեր կլինի թե՛ Էջմիածնի և թե՛ առահասարակ հայ ազգի համար` նկատի ունենալով նրա քաղաքական գործունեությունը ի նպաստ Ռուսաստանի և ընդդեմ Պարսկաստանի ու Թուրքիայի: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակում նա ռուսական ծավալապաշտական քաղաքականության գործիք էր ծառայում, նույնիսկ թուրքական մի մզկիթ հայկական եկեղեցու էր վերածել, և այդ ամենը քաջ հայտնի էր Օսմանյան կառավարությանը: Գեներալ Զուբովի գխավորությամբ նա մասնակցել էր դեպի Պարսկաստան ռուսական զորքի արշավանքին, որը սաստիկ գրգռել էր պարսից կառավարությանը: Ժողովականներին նույնիսկ տեղեկացնում են այն մասին, որ երբ հանգուցյալ Ղուկաս կաթողիկոսին պարսիկները հարցնում են, թե ի՛նչ են նշանակում Հովսեփի այդ գործողությունները Զուբովի բանակում, նա երկյուղից պատասխանել է, թե Հովսեփը Ռուսաստանի հայերի անկախ առաջնորդն է և իրեն չի հպատակվում:
Հովսեփի թեկնածությանն ընդդիմացողները պնդում էին, որ այդ գործչին կաթողիկոս դարձնել չի կարելի այն պարզ պատճառով, որ հայերի ճնշող մեծամասնությունը Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետության տակ է ապրում, իսկ հայերի թիվը Ռուսաստանում շատ չնչին է, ու չի կարելի չնչին թիվ կազմող համայնքի հոգևոր առաջնորդին համայն հայության կաթողիկոս ընտրել: Բացի քաղաքական հանգամանքից՝ Էջմիածնի ժողովականների համար մեծ նշանակություն է ունեցել նաև այն, որ տասնյակ տարիներ Ռուսաստանում առոք-փառոք ապրած ու ռուսական արքունիքի սիրելին դարձած Արղությանը գուցե չկամենա այդքան բարձր դիրքից իջնել ու մահմեդական բարբարոս իշխողների ձեռքի տակ հայությանը հովվել: Ահա այս պատճառաբանություններով մերժվում է Արղությանի թեկնածությունը:
Ժողովականները մի քանի անգամ նիստ են գումարում և, ի վերջո, Կ. Պոլսի պատրիարք Դանիելի հետ երկրորդ թեկնածու են ընտրում Ռուսաստանի նվիրակ Եփրեմ արքեպիսկոպոսին: Չկարողանալով իր թեկնածուին անցկացնել` Դավիթ Ղորղանյանը ջանում է, որ ընտրական թուղթը Կ. Պոլիս հասցնելու հանձնարարությունը գոնե իրեն տրվի, որպեսզի այնտեղ կարողանա պատրիարքի պաշտոն ձեռք գցել: Այդ բանը նա կարողանում է հաջողեցնել իր խնամի մելիք Աբրահամի աջակցությամբ:
Եվ այս Դավիթ Ղորղանյանը 1800 թ. հունվարին ճանապարհվում է Կ. Պոլիս: Երբ կաթողիկոսական ընտրության լուրը հասնում է Թիֆլիս, Վրաստանի Գիորգի թագավորը, հայ իշխաններն ու մեծամեծերն իրենց մոտ են կանչում Էջմիածնի միաբան Հովհաննես եպիսկոպոս Գեղարդակրին՝ հայտնելով, որ կայացրած ընտրությանն իրենք դեմ են, և որ Էջմիածնի միաբանությունը պետք է անպայման կաթողիկոս ընտրի Հովսեփ Արղությանին (ի դեպ, Արղության ազգանվան հիմքը՝ «արղութ» եզրույթը, մոնղոլական ցեղախմբերից մեկի՝ չաղաթայների լեզվում «լայնաթիկունք» է նշանակում), որովհետև նա՛ է միակ արժանավորը, և որ նրան լավ է ճանաչում Ռուսատանի կառավարությունը: Այս պահանջը կրկնում է նաև ռուսական զորքերի հրամանատար գեներալ Լազարևը:
Հովհաննես Գեղարդակիրն այս պահանջը շտապ հասցնում է Էջմիածին և խորհուրդ է տալիս Հովսեփին՝ երկրորդ ընտրելի թեկնածու հաստատել: Չգոհանալով այդքանով՝ Գիորգին հատուկ պատվիրակություն է ուղարկում Էջմիածին, որպեսզի նույնաբովանդակ պահանջագիրը, որի տակ ստորագրել էր նաև թագաժառանգ Դավիթը, ներկայացվի միաբաններին: Ճնշմանը չդիմանալով՝ Էջմիածնի միաբանությունը մի նոր գրություն է ուղարկում Կ. Պոլիս: Այս գրությունը բացատրում էր, թե ինչո՛ւ Հովսեփի թեկնածությունը չի առաջադրվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանի թագավորի և Թիֆլիսի հայության պահանջը հնարավոր չէ անտեսել, ուստի Եփրեմի փոխարեն երկրորդ ընտրելի թեկնածու է առաջադրվում Արղությանը՝ որոշումը թողնելով Կ. Պոլսի հայության իմաստությանը, թե ո՛վ պիտի ընտրվի կաթողիկոս: Էջմիածնի միաբանությունը միաժամանակ թուղթ է գրում նաև Արղությանին և հանգամանորեն բացատրում, թե քաղաքական ի՛նչ նկատառումների թելադրանքով էին իրենք հարկադրված եղել նրա անունը հանել ընտրելի թեկնածուների ցանկից:
Հովսեփ Արղությանը 1800 թ. հունվարի վերջին է ստանում Ղուկաս կաթողիկոսի մահվան լուրը, ու դեռ չիմանալով, թե ի՛նչ որոշում է կայացրել Էջմիածնի ընտրական ժողովը, շտապում է նամակներ ուղարկել Կ. Պոլիս ու Թիֆլիս: Այդ նամակներում նա իր ասելիքը շարադրում է որպես միակ կաթողիկոսական թեկնածու, որի դեմ ոչ մի առարկություն չի կարող լինել: Ասում է, թե սիրահոժար ընդունում է այդ ծանր լուծը, քանզի ժողովուրդն է դա ցանկանում: Եթե Էջմիածնի միաբանությունն այն կարծիքին էր, թե քաղաքական հանգամանքները թույլ չեն տալիս, որ Արղությանը կաթողիկոս լինի, ապա Արղությանը հենց այդ հանգամանքներն էր կարևորում որպես իր կաթողիկոսության զորեղ դրդիչ: Նամակները պարզորոշ ցույց են տալիս, որ նա մղվում է դեպի այդ պաշտոնը հատկապես Ռուսաստանի քաղաքականությանը ծառայելու համար:
Ռուսաստանի ապագա ծրագրերի իրականացման առումով Էջմիածինը մեծ կարևորություն է ներկայացրել թե՛ իր աշխարհագրական դիրքով և թե՛ մանավանդ հայության մեջ ունեցած մեծ կշռով: Իր հովանավորության տակ վերցնելով Վրաստանին, այնտեղ հաստատելով իր կառավարչությունը՝ Ռուսական կայսրությունը միաժամանակ սկսել էր եռանդուն միջամտել Էջմիածնի ներքին գործերին: Բնական է, որ այդ միջամտությունն է՛լ ավելի ազդու և իր համար ավելի արգասաբեր պիտի լիներ, եթե կաթողիկոսական գահին նստեր Արղությանի նման մի հոգևորական, որն ամբողջ էությամբ նվիրված ծառայում էր Ռուսաստանի շահերին: Լավ հասկանալով հանդերձ, թե ինչպիսի՛ն է լինելու կացությունը պարսկական իշխանության ներքո, այնուամենայնիվ, նա իրեն հուսադրել է այն բանով, որ իրեն խոստացել էին համակողմանի աջակցություն:
Արղությանին Ռուսաստանի բոլորանվեր ու անվերապահ կամակատարը դարձնելու համար կայսրությունն իրագործում է այս փառամոլ հոգևորականի վաղեմի երազանքը: Այդ երազանք-տենչանքը հետևյալն էր: Տարիներ առաջ նա ռուսական արքունիքին ներկայացրել էր մի հորինված տոհմագրություն, ըստ որի՝ իր տոհմը իբր թե սերում է պարսից Արտաշես Երկայնաբազուկ թագավորից, և այդ ծագման միակ «ապացույցն» այն էր, որ Վրաստանի Հերակլ թագավորը ստորագրել էր իր կազմած տոհմագրության տակ:
Ռուսաստանի նոր կայսրը՝ Պավելը, նրա տոհմին իշխանի տիտղոս է տալիս՝ այդ ամբողջ տոհմը «Արղության-Երկայնաբազուկ» անվամբ մտցնելով Ռուսաստանի ազնվականության շարքը: Բացի դրանից՝ նոր իշխանին հարավ-արևմտյան Ռուսաստանում երկու գյուղ է ընծայվում: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ անսահման փառասեր ու ռուսամոլ հոգևորականին Ռուսաց կայսեր այս «ողորմածությունը» որքա՜ն պիտի շոյած լիներ, եթե իմանաք, որ նա Հնդկաստանի հայ հոգևորականներին նամակներ է ուղարկել, որոնցում մանրամասն թվարկել է, թե ի՛նչ պարգևներ է ստացել Ռուսաստանի արքունիքից, ի՛նչ հանդեսների և ընդունելությունների է մասնակցել, ինքն անձամբ ի՛նչ միջոցառումներ է կազմակերպել:
Իր տպագրած գրքերում Հովսեփ Արղությանն իր հասցեին զետեղել է գովասանքներ ու փառաբանություններ, տպագրել իր տոհմային զինանշանը ու իր հոգևոր տիտղոսների կողքին դրել իր ստորագրությունն ու «իշխան» կոչումը: Արտաշես Երկայնաբազուկի այս ինքնակոչ «ժառանգը» իրեն Պարթև Արշակունի տոհմից սերված էր համարում, հետևաբար կարծում էր, որ ինքը Գրիգոր Լուսավորչի տոհմից է ու, բնականաբար, Լուսավորչի գահի լիիրավ ժառանգորդը: Նրա համոզմամբ՝ հայ ազգը, իր նման «փառահեղ արմատներ» ունեցող մարդուն կաթողիկոսացու դիտարկելով, նրա մեջ նաև պիտի տեսներ առհավատչյան այն բանի, թե ռուսները, ի հարգանս իրեն, հայությանը պիտի ազատագրեն թուրք-պարսկական ստրկությունից:
Շարունակելի
Համլետ Մելիքյան