«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Պահքի մասին

Պահոց կերակուրներ
Պահոց կերակուրներ

Ինչպես գիտենք, պահքի պատվիրանը տրվել է դեռևս դրախտում: Աստված Ադամին թույլատրեց ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղներից, բայց երբեք չմոտենալ բարու և չարի գիտության ծառին: Այդպիսով, Նա փորձում էր մարդու հնազանդությունն ու հավատարմությունը: Եվ քանի դեռ Ադամը պահում էր այս պատվիրանը, հավասար էր հրեշտակներին, իսկ երբ խաբվեց սատանայից ու կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, մերկացավ լույսից, վտարվեց դրախտից` ժառանգելով մահ ու անեծք… Եվ նրա հետ` նաև ողջ մարդկությունը:

Այնուհետև Նոյի օրերում մարդիկ դարձյալ օրինազանց գտնվեցին` ենթարկվելով բազում պատուհասների: Արդար Նոյը պահքով ու աղաչանքներով մարեց Աստծո բարկության հուրը: Ապա սոդոմացիները կերակրի անխտիր օգտագործումով և իրենց այլասերված բարքերով երկնքից ծծումբ ու կրակ իջեցրին: Եսավն էլ մի պատառի պատճառով զրկվեց անդրանկությունից ու հայրական օրհնությունից: Այսպիսի շատ օրինակներ կան Սուրբ Գրքում, որ մարդիկ, արհամարհելով պահքի աստվածադիր պատվիրանը, մեծամեծ փորձություններ են կրել: Իսկ նրանք, ովքեր սրբությամբ պահել են այն, վարձատրվել են Աստծուց ու զանազան շնորհների արժանացել:

Պահքի օրերին կարելի է օգտագործել միայն բուսական ծագում ունեցող կերակուրներ և ըմպելիքներ` բացառությամբ գինու, որը կարող է մարմնական ցանկություններ առաջացնել: Իսկ ծոմապահության ժամանակ հրաժարվում ենք առհասարակ բոլոր տեսակի ուտելիքներից, մինչև անգամ ջրից: Այսկերպ տկարացնելով մեր մարմինը` անընդունակ ենք դարձնում մեղքեր գործելու համար, և սովով ու ծարավով մաշելով մեր անձը` զորացնում ենք հոգին, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ» (Բ. Կորն. ԺԲ. 10):

Ծոմն ու պահքը առողջարար են նաև մարմնին, քանզի սրանց ժամանակ մարդու օրգանիզմն անցնում է հանգստի` մաքրվելով թունավոր ու վնասակար նյութերից: Բացի իր արտաքին կողմից` պահքն ունի ներքին` հոգևոր իմաստ. այն է` որքան հնարավոր է հեռու մնալ մեղքից և հաղորդակցվել Աստծո հետ: Քանզի ի՜նչ օգուտ է մարմինը պահքով նիհարացնել, երբ հոգին գիրանում է մահացու մեղքերով: Եվ ով իր անձը պահում է մարմնավոր կերակուրներից, սակայն չի պահում մեղքերից, նրա պահքը, ինչպես ասում են Հայրերը, նմանվում է սատանայի պահքին, որովհետև սա բոլորովին չի ուտում, բայց երբեք չի դադարում մեղք գործելուց: Այսպիսի պահքն ընդունելի չէ Աստծուն, այն նույնիսկ չի կարող պահք համարվել: Տերն ինքն է ասում Եսայի մարգարեի միջոցով. «Ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում… Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի» (Ես. ԾԸ. 3, 5):

Եվ եթե չկա հրաման` միշտ լինելու կերակրի պահքի մեջ, սակայն կա պատվիրան` ամեն ժամ զգուշանալու մեղքից: Պահոց օրերը տարվա մեջ լինում են երեք տեսակ` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ), շաբաթապահքեր և մեծ պահքեր: Օրապահքերը տևում են մեկ օր, շաբաթապահքերը` հինգ օր, իսկ մեծ պահքերը` շուրջ հիսուն օր:

Չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը սահմանել են առաքյալները: Սա գալիս է հին օրենքից, որը նրանք փոխադրեցին նորի մեջ: Ըստ այդ հին օրենքի` հրեաները պահում են երկուշաբթի և հինգշաբթի օրերը: Առաքյալներն այս օրերի փոխարեն կարգեցին չորեքշաբթին և ուրբաթը, որոնք պահվում են հոգու և մարմնի սրբության համար:

Չորեքշաբթին Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը` Ադամի, երբ կերավ պտղից ու ելավ դրախտից: Չորեքշաբթի օրը մեր Տերը հայտնեց իր մատնության, դատաստանի, չարչարանքների, խաչելության և մահվան կենարար խորհուրդը, որի պատճառով տրտմեցին առաքեալները, իսկ ուրբաթ օրը կատարվեց այս ամենը, նաև` շարժվեցին արարածները, խավարեցին երկնքի լուսատուները: Այդ պատճառով պահում ենք այս օրը, որպեսզի միանանք Տիրոջ խաչին:

Առաքինությունները երկու տեսակ են լինում` տեսական և գործնական: Առաջինի համար սրբվում ենք չորեքշաբթի օրը, իսկ երկրորդի համար` ուրբաթ օրը: Եվ որովհետև ընդունում ենք երկու օրենքներն էլ` և՛ հինը, և՛ նորը, դրա համար էլ երկու օր սուրբ ենք պահում:

Տարվա մեջ երեք անգամ չորեքշաբթի և ուրբաթ օրերին պահք չի պահվում` Ծննդյան ութօրեքին, Հինանց շրջանում ու Վերափոխման իննօրեքին: Հինանց շրջանում` Հարությունից մինչև Համբարձում, պահք չի պահվում, որովհետև ինչպես հիսուն օր, այդ թվում նաև` շաբաթ և կիրակի օրերը, պահեցինք հոգու համար, հիսուն օր էլ ուտում ենք մարմնի համար: Նաև` քանի որ Հարությունից մինչև Համբարձում երկնավոր փեսան մեզ հետ է, իսկ երբ վերցվի, ապա կպահենք` ըստ Ավետարանի խոսքի: Չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահեցողության մասին վկայում են նաև Սբ. Եվագր Պոնտացին, Բենեդիկտոս ճգնավորը, Սբ. Բարսեղ Մեծը, Սբ. Եպիփան Կիպրացին և շատ ուրիշներ:

Նիկիական կանոններից մեկը խոսում է այն մասին, որ եթե մեկն անգիտակցաբար միս ուտի չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ապա երեք շաբաթ պետք է սրբությամբ պահի` աղքատներին ողորմություն բաժանելով, և նոր միայն հաղորդություն ստանա, իսկ եթե արհամարհելով առաքելական կանոնները` անխտիր ուտի այդ օրերին, ապա երեք տարի պետք է ապաշխարի: Ի վերջո, ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքն է մեզ պահում:

Պահեցողության օրերին քրիստոնյային առավել մեծ փորձություններ են սպասվում: Պողոս առաքյալի խոսքերով ասած` մարդու ողջ կյանքը հոգևոր պատերազմի շրջան է: Չարն աներևութապես ամեն վայրկյան պայքարում է` մարդկանց մեղքի թակարդները գցելու համար: Ուստի մենք պետք է միշտ Քրիստոսի հետ լինենք, որպեսզի կարողանանք պահքով ու աղոթքով հաղթենք սատանային: Նա առավել փորձում է հավատացյալներին, քան թե անհավատներին: Սա հաստատում են Հին ու Նոր կտակարանները:

Քանի դեռ հրեաները ծառայության մեջ էին Եգիպտոսում, քիչ էին տանջվում, իսկ երբ դուրս ելան ծառայությունից, բարկացավ փարավոնը և որոշեց նրանց ետ դարձնել դեպի ծառայություն, սակայն չկարողացավ դա անել ու իր զորքերի հետ խորտակվեց Կարմիր ծովում: Եգիպտոսը խորհրդանշում է մեղքի գերությունը, իսկ փարավոնը` սատանային: Այդպես էլ քանի դեռ մարդ անհավատության մեղքի մեջ է, սատանան նրան չի նեղում, քանի որ գերի է իր ձեռքում: Սակայն երբ կամենում է հեռանալ մեղքերից, այնժամ բազում փորձություններ է բերում նրան: Երբ մեղավորը փախչում է նրա ձեռքից և ծնվում ճշմարիտ հավատքի մեջ, սատանան, նրան հետապնդելով, ավելի է բարկանում: Բայց երբ մեղավորն արտասուքով ու ապաշխարությամբ քավում է իր մեղքերը, սատանան խեղդվում է արտասուքի ծովում:

Պահքը մարմնի մեռելությունն է` հոգևոր իմաստով, և որքան արտաքին մարդը տկարանա, այնքան ներքինն օրըստօրե կնորոգվի: Մնալով առանց կերակրի` մարմինը ցամաքում է տարատեսակ ախտերից, որով հաճելի է լինում Աստծուն և դառնում Սուրբ Հոգու բնակարան: Սա՛ է պահքի նշանակությունը:

Եվ այն ոմանք ամեն օր են պահում` իրենց մեջ ցույց տալով դրախտային կյանքը, ինչպես նրանք, ովքեր անապատում են կամ ճգնավորների դասում: Ոմանք էլ պահում են միայն որոշակի օրերի համար սահմանված պահքերը, որոնք ավանդեցին առաքյալներն ու սուրբ հայրապետները:

Այսպես, շաբաթապահքերը կանոնակարգել է Սբ. Ներսես Մեծը` Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը: Հայրապետները ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ծննդյան և Այլակերպության քառասնորդական պահքերը բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ` որպես շաբաթապահքեր, և այժմ կա տասնյոթ շաբաթապահք: Դրանք են` Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Աստվածածնի, Վերացման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Ծննդյան և Մեծ պահքի յոթ շաբաթները:

Շաբաթապահքն ունի բազում նշանակություններ: Այն խորհրդանշում է արարչության ավարտը, որը սրբության ու պահքի շաբաթ էր մինչև վեցերորդ օրը` Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց: Թեպետև մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ, սակայն դեռևս չէր եղել դրանք ուտելու հրամանը: Դրախտից դուրս գալուց հետո նախաստեղծները հինգ օր սուգ պահեցին` առանց ուտելու և խմելու, հայտնվելով մահվան վիճակում, մինչև Տերը գթաց ու մի հրեշտակի պատվիրեց մխիթարել նրանց` խոստանալով իր Միածնին ուղարկել նրանց փրկության համար: Ապա հրամայեց ուտել այդ վայրում եղող պտուղներից, և նրանք հուսադրվելով կերակուր ընդունեցին:

Նոյի օրոք էլ կենդանիները տապանի դռան շուրջը հինգ օր շարունակ առանց ուտելու և խմելու մնացին մինչև անձրևի տեղալը, ապա մաքուրներից յոթական կենդանի մտավ տապան, ու բոլորը փրկվեցին: Սա ցույց է տալիս հնգօրյա պահքի սրբությունը, որով մտնում ենք եկեղեցի ու փրկվում մեղքերի ջրհեղեղից:

Եգիպտոսից ելնելուց առաջ Աստված հրամայեց յոթ օր բաղարջ ուտել: Սա շաբաթապահքի խորհուրդն ունի, որով պահում ենք մեր հոգին ու մարմինը մեղքերի բոլոր խմորումներից ու ելնում մեղքի եգիպտական ծառայությունից: Յոթ օր սահմանվեց նաև բորոտների` բանակից դուրս մնալու և սրբվելու համար: Նույնը սահմանվեց և պղծություններին մոտեցածների համար: Այդպես էլ մեր հոգիներն են պղծվում մեղքերով, որի համար պահքով եկեղեցուց դուրս ենք գալիս և սրբվում:

Մովսեսը հրամայեց վեց քաղաք կառուցել ապաստանի համար, որպեսզի ակամա սպանողները մտնեն այնտեղ ու ազատվեն վտանգից: Սա խորհրդանշում է վեցօրյա պահքը, որը մեզ համար ապաստանի քաղաք է լինում, և մենք` ակամա մեղանչողներս, պետք է մտնենք այս պահքի մեջ ու արդարանանք: Հինգ օր է քավության տոնը, և այնուհետև յոթ օր` Տաղավարահարաց տոնը, որը խորհրդանշում է պահքի շաբաթի սրբությունը, որով լինում ենք Աստծու տաղավար և բնակարան: Սրանք օրինակներ են, իսկ ճշմարտությունն այն է, որ սրբում ենք մեր հինգ զգայարանները, որոնցով մեղանչում ենք: Նախ մաքրվում ենք պահքով, ապա տոնում` սուրբերին մեզ բարեխոս ունենալով: Այսպիսի խորհուրդ ունի շաբաթապահքը, որը պահում ենք ամբողջ տարում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Քրիստոսի միաւորութեան մասին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…Յովհ. Ա 14

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Յարակից նիւթեր