«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Հին ուխտի տապանակի հիշատակը և Նոր ուխտի սուրբ եկեղեցու տոնը

«Որ ի սկզբանէ իմաստութեամբ հաստատեցեր զեկեղեցի Հօր իմաստութիւն, զոր նախանկար տեսութեամբ նշանակեաց Մովսէս խորանաւն երկնահանգոյն ի Սինայ լերինն` լուսաւորելով փառօքն Աստուծոյ»:
Շարակնոց

Հին ուխտի տապանակը
Հին ուխտի տապանակը

Ղևիի ցեղից Մովսեսը` Իսրայելի ժողովրդի մեծ առաջնորդը, մարգարեն ու օրենսդիրը, օժտված էր բազում շնորհներով, քանզի Ամենակալ Արարչի վկայությամբ նա «շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ» (Թվոց ԺԲ. 3)։ Երկնային հրաշքով նա հրեաներին դուրս հանեց Եգիպտոսից և նրանց ազատագրեց եգիպտական գերությունից։ Սինայի անապատում Մովսեսը բարձրացավ Տիրոջ լեռը` 40 օր ու 40 գիշեր մնալով այնտեղ։ Այդ ընթացքում նա Արարչից ստացավ այն բոլոր հրահանգները, թե ինչպե՛ս պետք է կառուցվեր խորանը, ուր ժողովուրդն աղոթքներ ու զոհեր կմատուցեր Աստծուն։

«Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Ինձ համար սրբարան կկառուցես, և ես կերևամ ձեզ։ Դու խորանն ու ամբողջ սպասքը ինձ համար կպատրաստես ըստ այն օրինակի, որ լեռան վրա ցույց կտամ քեզ»» (Ելից ԻԵ. 8)։ Քառասուն օրից հետո նրան հանձնվեցին քարե երկու տախտակներ, որոնց վրա Աստծո անտեսանելի ձեռքով գրված էին տասնաբանյա պատվիրանները, որոնք, ըստ կարգադրության, պետք է տեղադրվեին տապանակի մեջ։ «Առաջին ամսվա առաջին օրը կկանգնեցնես վկայության խորանը, այնտեղ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով» (Ելից Խ. 1)։

Այսպես, Արարչից տրվեցին և՛ վկայության խորանի, և՛ տապանակի ու մնացյալի մանրակրկիտ չափումները, արտաքին և ներքին պատկերը։ Իսրայելացիները, հարազատ մնալով Տիրոջ հրահանգին, ավարտեցին տապանակի, առաջավորության, խնկարկության սեղանների, աշտանակի, քահանաների զգեստների, լանջապանակի, պղնձե ավազանի և մյուս պարագաների պատրաստումը։ Այդ տաճարը, որ կանգնեցվեց, վրանակերպ էր ու շարժական։ Աստծո խոսքի համաձայն` Ուխտի տապանակը հանդիսավորապես զետեղվեց խորանի «Սրբություն Սրբոց» կոչված հատվածի ներքին բաժնում, ուր իրավունք ուներ մտնելու միայն քահանայապետը, այն էլ` տարին մեկ անգամ։

Մովսեսի ժամանակներից մինչև Սողոմոն Իմաստունի օրերը հրեաների ամենամեծ սրբությունն Ուխտի տապանակն էր, քանի որ այդ ոսկեզօծ արկղի մեջ էին պահվում տասնաբանյա օրենքների քարե տախտակները, մանանայով լի ոսկեղեն սափորը, Ահարոնի քահանայական ծաղկյալ գավազանը և Հնգամատյանը։ Այդ բոլոր սրբությունները տեսանելի, իրեղեն վկայությունն էին Իսրայելի ժողովրդի հետ Աստծո կնքած ուխտի։

Այս տոնի նախնական անվանումը «Յիշատակ տապանակի» էր, այսինքն` եկեղեցում սովորություն կար պարբերաբար հիշատակել Մովսեսի տապանակը։ Հետագայում տոնն ստացավ «Յիշատակ տապանակին հնոյ և տօն նորոյս սրբոյ եկեղեցւոյ» ձևակերպումը, քանի որ հայոց վարդապետներն այդ հիշատակը եկեղեցու խորհուրդը կրող տոն դարձրին` որպես նոր եկեղեցու նախատիպ համարելով Մովսեսի կողմից պատրաստված տապանակն ու Վկայության խորանը։

Վերջին անգամ Ուխտի տապանակի մասին հիշատակվում է Սողոմոն թագավորի մոտ, երբ նա այն զետեղեց նորակառույց տաճարում։ Ավելի ուշ` Երուսաղեմի կործանումից հետո, Նաբուգոդոնոսոր արքայի օրոք տապանակն անհետ կորավ։ Այսպիսով, Հին ուխտի տապանակը եղավ Նոր ուխտի՝ Քրիստոսի եկեղեցու նախօրինակը։ Այս հիշատակությունը համարվում է եկեղեցուն նվիրված տոների մեկը, որի թվականը տարեցտարի փոփոխվում է։ Տոնը կատարվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Հին ուխտի տապանակի հիշատակը և Նոր ուխտի սուրբ եկեղեցու տոնը

«Որ ի սկզբանէ իմաստութեամբ հաստատեցեր զեկեղեցի Հօր իմաստութիւն, զոր նախանկար տեսութեամբ նշանակեաց Մովսէս խորանաւն երկնահանգոյն ի...

«Եկեղեցուց դուրս փրկություն չկա»

Հարցազրույց Եղիա Խաչատրյանի հետՓարիզի համալսարանի մագիստրոս, աստվածաբան, մատենագետ, խմբագիր

Յարակից նիւթեր