
Կիլիկիա, 1299
ԺԳ. դարի ավարտին և ԺԴ. դարի արշալույսին Հայաստանի արևելյան հատվածում ծավալվեց կրոնական-քաղաքական բնույթի անհաշտ պայքար, որն ուղղված էր ահագնացող վտանգի՝ միարարական շարժման դեմ: Միարարության նպատակն էր Հայոց եկեղեցու անմիջական ենթարկումը և բռնի միակցումը հռոմեական ամբողջատիրությանը՝ կաթոլիկ դավանաբանության տարածմամբ և հայոց համազգային ուծացմամբ: Դրա արդյունքում Կիլիկյան Հայաստանում և հետագայում նաև ողջ քրիստոնեական Արևելքում պետք է հաստատվեր պապական միահեծան իշխանությունը: Ծավալվող շարժումն առերևույթ վարագուրված էր վարդապետական քողով, ինչը չէր խոչընդոտում հայ ավանդապահ և եկեղեցասեր հոգևորականներին՝ նշմարելու դրա քաղաքական թեքումը:
Հարյուրամյակներ շարունակ հայ ազգը զրկված է եղել ինքնանկախ պետականությունից՝ տևապես գտնվելով օտարի թշնամական լծի տակ: Եվ այս վճռորոշ պայմաններում երկրի կառավարական գրեթե բոլոր հարցերը տնօրինում էր Հայոց եկեղեցին, որն ամուր կռվան էր ամեն մի հայի համար: Բնական է, որ Հայ եկեղեցու, այսպես ասած, «արտոնյալ» վիճակն առաջին հերթին դուր չէր գա Հռոմեակաթոլիկ եկեղեցուն, որը ձգտում էր բացարձակ գերիշխանության ամբողջ քրիստոնեական աշխարհում: Այստեղ չենք անդրադառնա միարարական շարժման պատմությանը, այլ պարզապես կներկայացնենք դրա դեմ տարվող տաթևյան դպրոցի հակամարտությունը: Ցավոք, միարարական շարժման մեջ ներգրավվել են նաև որոշ հայ կղերականներ, որոնք այնքա՜ն դյուրահավատ գտնվեցին պապերի սին խոստումների նկատմամբ:
Ճիշտ հակառակ պատկերն է Սյունյաց աշխարհի գլաձոր-տաթևյան դիրքորոշումն այս հարցում, որի համախոհները դաժան պայքար սկսեցին միարարության դեմ: Վերջինիս ծավալն անհամեմատ աճեց, երբ գնալով ստվարացավ այդ հոսանքի մեջ ներքաշված հայ եկեղեցականների և մշակույթի գործիչների թիվը: Այսու, հայ միարարներից հիշատակելի են Սիմեոն Բասենցին, Սիմեոն Խաչենցին, Հովհաննես Ծործորեցին, Հովհան Քռնեցին և ուրիշներ, որոնց մի մասը, ցավոք, Գլաձորի համալսարանի նախկին շրջանավարտն էր:
Հայ Եկեղեցու ավանդասեր մարտիկները, սակայն, հաջողությամբ կարողանում են դիմակայել միարարական շարժմանը: Հակամիարարական պայքարում իր վսեմությամբ առանձնանում է Եսայի Նչեցու առինքնող կերպարը, որի մահից հետո նրան փոխարինում է Ս. Հովհան Որոտնեցին՝ «միարարների ամենաերդվյալ հակառակորդը»: Հակամիարարական պայքարն արդյունավորելու նպատակով Տաթևի համալսարանի ուսանողները Ս. Գրիգոր Տաթևացու առաջնորդությամբ ուսումնասիրում են վաղագույն շրջանի իմաստասերների, քրիստոնյա մտածողների, եկեղեցական նշանավոր Հայրերի, հայ դպրության երախտավորների և հակառակորդ միարարների երկասիրությունները: Ի դեպ, վերջիններս հասցրել էին սերունդներին կտակել թարգմանական և ինքնուրույն բնույթի մեծածավալ գրականություն:
Նկատի ունենալով, որ Տաթևի դպրոցի րաբունապետները միաժամանակ ստանձնել են Սյունյաց աթոռի ղեկավարությունը, միանգամայն բնական էր, որ հակամիարարական պայքարում Սյունիքի եպիսկոպոսարանը և Տաթևի համալսարանը հանդես գային միասնաբար: Չի բացառվում, որ Տաթևի վարդապետանոցը եղել է այդ պայքարի մտավոր-գաղափարական հնոցը, իսկ եպիսկոպոսարանն օրինականացրել և վավերացրել է այդ շարժման դեմ հանձնառու քայլերը:
Տիրող օրհասական կացությանն ահա թե ինչպիսի բնութագիր է տալիս Կ. Պոլսի երջանկահիշատակ պատրիարք Մաղաքիա արք. Օրմանյանը. «Ազգային եկեղեցւոյն դէմ լարուած նենգութեանց հանդէպ, վերանորոգեալ ուսումն ու ուղղափառ վարդապետներն էին, որ հայադաւան եւ հայածէս Եկեղեցւոյն պաշտպան կը հանդիսանային»:
Միով բանիվ, ԺԴ. դարի կեսերին և ԺԵ. դարասկզբին Տաթևի համալսարանը՝ կրթամշակութային և ուսումնագիտական տիտանական այդ դարբնոցը, ըստ արժանվույն կազմակերպեց և գլխավորեց աննահանջ պայքարն ընդդեմ միարարական շարժման: Այն հայության համար ունեցավ համաժողովրդական նշանակություն, քանզի ջախջախվեցին կրոնական կեղծ դիմակով ծպտված լատինների հետին նկրտումները, որոնք, ի վերջո, նպատակ ունեին հայության մի ստվար զանգվածին ձուլել իրենց հետ, ինչը վերասերման իրական վտանգ էր առաջացնում տարածաշրջանում: